Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է, թե ինչպես է իր ազատ ժամանակն անցկացնում հիվանդանոցում: Այս մասին գրում է New York Post-ը:
Բուժհաստատությունում քաղաքական գործիչը լուծում է գլուխկոտրուկ և վերանայում է «Մատանու տիրակալը» եռագրությունը: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին դիտում է անգլիացի ռեժիսոր Բրյուս Ռոբինսոնի կատակերգությունները:
Ջոնսոնի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դարձել մարտի 27-ին: Այդ ժամանակից նա գտնվել է ինքնամեկուսացման մեջ, սակայն շարունակել է աշխատել: Տասն օր անց քաղաքական գործչին, որի մոտ պահպանվել էին ախտանշանները, բուժող բժշկի խորհրդով տեղափոխել են Լոնդոնի Սուրբ Թովմասի հիվանդանոց: Այնտեղ նրան ենթարկել են թթվածնային թերապիայի:
Ապրիլի 6-ի երեկոյան Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ նրա վիճակը վատթարացել էր: Ապրիլի 9-ի երեկոյան քաղաքական գործչին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ: Ինչպես նշել է վարչապետի գրասենյակը՝ նա «գերազանց տրամադրության» մեջ է:












































