ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացման մեջ գտնվող 80 քաղաքացիներին՝ այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերի ընթացքում:
«Մեր երկրորդ կետը Ծաղկաձորում Գրողների միության հանգստյան տունն է, որտեղ կրկին ունենք մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներ»,- ասաց Թորոսյանը:
Հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվողներին հետևող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը նշեց, որ բոլոր մեկուսացվածների ինքնազգացողությունը շատ լավ է, նրանց մեջ կան նաև հղիներ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: