Նոր կորոնավիրսուսի պատճառով նավթի համաշխարհային գները օրեցօր շարունակում են անկում ապրել, ինչի հետեւանքով կտրուկ էժանացել է ռուսական ռուբլին: Եթե մեկ շաբաթ առաջ Հայաստանի բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում մեկ ռուբլին գնահատվում էր 7,2 -7,3-7,5 դրամ, ապա այսօր 6,30-6,41-6,46 –ի սահմաններում է: Այսօր «Հոդված 3» ակումբում երեք տնտեսագետները կարծիք հայտնեցին, թե ռուսական ռուբլու արժեզրկումն ինչ հետեւանքներ կթողնի Հայաստանի տնտեսության վրա:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, Ռուսաստանում ներկայումս իրավիճակը շատ ավելի կառավարելի է, քան նախորդ ճգնաժամերի ժամանակ էր. «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, պետք է ընկալենք, որ Ռուսաստանի այսօրվա իրավիճակը բավական տարբեր է այն իրավիճակից, որը կար 2009, 2014 թվականներին»: