Մեր միրգը թանկ է, և դա մեր վատ աշխատանքի արդյունքն է, այդ պատճառով էլ սկսել ենք ավելի շատ միրգ ներկրել: Նման կարծիք «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները. 2010 թ. Հայաստանն արտահանել է 9 հզ. տոննա միրգ, ներմուծել՝ 32 հզ. տոննա:
ՀՀ հիմնականում ներմուծվում են ցիտրուսայիններ ու բանան, որոնց հիմնական մատակարարներն են Էկվադորը՝ 8.3 մլն դոլար, Վրաստանը՝ 7.8 մլն դոլար, և Հունաստանը՝ 7 մլն դոլար:
Հ. Բերբերյանը նշեց, որ, եթե բերքառատ տարի է, մեր բնակչությունը սպառում է 8-10 հզ. տոննա ծիրան, իսկ միջին հաշվով՝ 3 հզ. տոննա: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուրին ամսական բաժին է ընկնում 1-1.5 կգ միրգ, մինչդեռ ՀՀ-ի համար նորման համարվում է 1.5-2 կգ-ը: Եվրոպական երկրներում ամսական 2.5 կգ միրգ են սպառում, իսկ աֆրիկական երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է:
«Իհարկե, խնդիրը մեր մրգի մատչելիությունն է ու դրա պահպանումը: Մատչելի գնով ձմռանը խաղող չունենացանք, կամ խնձոր, որն այս տարի խայտառակ վիճակ էր ոչ միայն կարկուտի, այլ՝ տգիտության պատճառով, քանի որ այգիներում բուժում չարեցինք: Կարկուտի պատճառած վնասն այնքան չէ, որքան բուժումների չանելը»,- ասաց Հ. Բերբերյանը՝ շեշտելով, որ մենք պետք է մրգի պակաս չունենանք, բայց ունենք, ինչի պատճառով էլ ներմուծումը շատացել է:
Խորհրդային տարիներին միայն էջմիածնի տարածաշրջանն արտահանում էր 2400 տոննա ծիրան, Հոկտեմբերյանը՝ 4400 տոննա ծիրան ու դեղձ, Արտաշատը՝ մոտ 3 հզ. տոննա ծիրան, ընդհանուր՝ 17 հզ. տոննա միրգ էինք Ռուսաստան արտահանում:










































