Հնդկաստանի Ադհրա-Փրադեշ նահանգում հայտնաբերվել է, հնարավոր է, աշխարհի ամենամեծ ուրանի հանքավայրը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ատոմային էներգիայի հանձնաժողովի ղեկավար Բաներջիին:
Նա ասելով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ հաստատված պաշարները կազմում են առնվազն 49 հազար տոննա, իսկ վերջին ուսումնասիրություններն էլ ավելի մեծ պաշարներ են կանխատեսում՝ ավելացնելով հաստատված հնարավորությունները երեք անգամ և դարձնելով այն աշխարհի ամենամեծ ուրանի հանքավայրը:
Այժմ Հնդկաստանն ունի մոտ 175 հազար տոննա ուրանի պաշար: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, այս պաշարները բավարար չեն Հնդկաստանում ուրանի նկատմամբ աճող պահանջարկի պատճառով: Հնդկաստանը պատրաստվում է կառուցել մոտ 30 ռեակտոր առաջիկա 30 տարիների ընթացքում՝ մինչև 2050 թ. երկրում էլեկտրաէներգիայի արտադրության այդ սեգմենտի մասնաբաժինը հասցնելով 25%-ի:










































