Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքը՝ տեղեկացնում է TASS-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Ջավիդի անակնկալ դարձած հրաժարականը ֆինանսների նախարարության ղեկավարի և վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի միջև դիմակայության արդյունքն է: Սպասվում է, որ Ջավիդի պորտֆելը կստանա նրա տեղակալ Ռիշի Սունակը:
Բրիտանացի քաղաքական մեկնաբանները չէին սպասում, որ Ջոնսոնը պաշտոնանկ կանի իր կաբինետի հանգուցային նախարարներից որևէ մեկին, ներառյալ Ջավիդին, որը մարտի սկզբին պետք է ներկայացներ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:
Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի մեկնաբան Լորա Քյունսբերգը գրում է, որ Ջավիդին առաջարկվել էր պահպանել պաշտոնը, եթե նա ազատի իր բոլոր խորհրդականներին, սակայն նախարարը հրաժարվել է այդ առաջարկությունից և նախընտրել է հրաժարվել պորտֆելից:
Փետրվարի 13-ին ավելի վաղ իրենց հրաժարականների մասին հայտարարել են բիզնեսի գործերի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Անդրեա Լիդսոմը, Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթը և շրջակա միջավայրի պահպանության նախարար Թերեզա Վիլիերսը, ինչպես նաև Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը:











































