Ներկայացնում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված մինչև 5 տարեկան երեխաների հասակի և քաշի չափումները: Չափման ենթակա 1474 երեխաներից (հարցման պահին 0-59 ամսական) չափումներ են կատարվել 90 տոկոսից ավելիի մոտ, և գրեթե բոլորի համար գրանցվել են հավաստի չափումներ (այսինքն՝ չեն եղել անհավանական ցածր կամ բարձր գրառումներ):
Եթե երեխաների հասակն ըստ տարիքի 2 ստանդարտ շեղումով ցածր է ստանդարտ բնակչության մեդիանից, ապա նրանք համարվում են թերաճ կամ կարճահասակ իրենց տարիքի համար: Թերաճությունը տևական ժամանակաշրջանում բավարար սնուցման բացակայության հետևանք է, ինչպես նաև պարբերական և քրոնիկ հիվանդությունների ազդեցություն: Ընդհանուր առմամբ, մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը կարճահասակ է, իսկ 8 տոկոսը՝ շատ կարճահասակ: Հիմնականում, թերաճության ցուցանիշն ըստ բնութագրիչների բաշխված է համաչափորեն, բացառությամբ մի քանի դեպքերի: Կարճահասակությունը փոքր-ինչ առավել տարածված է երեխաների վաղ տարիքային խմբերում (13 տոկոս՝ 9-11 ամսականների շրջանում), ապա այն աճում է երեխայի երկու տարեկանից հետո՝ հասնելով իր գագաթնակետին 36-47 ամսականների շրջանում՝ 26 տոկոս, ապա կրկին անկում է ապրում մինչև 17 տոկոս՝ չորս և բարձր տարիքային խմբերում (48-59 ամսական): Ընդ որում՝ գյուղաբնակ և կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց երեխաներն ավելի են հակված կարճահասակության:
Թերաճ երեխաների տեսակարար կշիռների էական տարբերություններ կան ըստ մարզերի՝ տատանվելով Երևանի 11 տոկոսից, մինչև 37 տոկոս Սյունիքի մարզում: Արագածոտնի (32 տոկոս) և Արարատի (29 տոկոս) տասը երեխայից շուրջ երեքը թերաճ են: Խիստ թերաճության ցուցանիշն առավելապես բարձր է Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում (յուրաքանչյուրում 16 տոկոս):











































