Կարդիոմարզումների մասին պատկերացումները թևակոխել են նոր փուլ: Վերջին ֆիթնես նորույթը ջրային վազքուղին է: Վազողն ամբողջությամբ հագնված է, ներառյալ վազքի համար նախատեսված հագուստ և սովորական կոշիկներ: Նրան մտցնում են լողավազան, միացնում վազքուղին, և սկսվում են մարզումները: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Վազքի արագությունը սահմանափակում է ջուրը՝ ստեղծելով լրացուցիչ բեռնվածություն: Հոլիվուդյան շատ աստղեր արդեն փորձել են այդ սարքը: Մասնավորապես, Ջենիֆեր Էնիսթոնը ամեն օր ջրի մեջ վազում է 15 րոպե: Մասնագետների կարծիքով՝ դա շատ արագ, անվտանգ և էֆեկտիվ մեթոդ է առողջ կազմվածքի վերականգնման համար: Բանն այն է, որ սովորական վազքը մեծ վնաս է պատճառում օրգանիզմին՝ մեծացնելով ոտքերի և ողնաշարի վնասման հավանականությունը: Իսկ որքան բարձր է ջրի մակարդակը, այնքան ավելի թեթև է մարմինը:
Ջրի դիմադրությունը, ըստ Վիրջինիայի համալսարանի հետազոտությունների, հանգեցնում է էներգիայի լրացուցիչ վատնման: Օրինակ՝ սովորական վազքի ժամանակ րոպեում այրվում է 8 կալորիա, իսկ ջրային վազքի ժամանակ` մինչև 11.5 կալորիա: Ջրում ուղղահայաց դիրքում մնալու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ սկսում են աշխատել մարդու մարմնի բոլոր մկանները: Եթե վազորդը ցանկանում է մեծացնել բեռնումը, ապա ջրի մակարդակը պետք է իջեցնել:











































