Սահմանադրական դատարանի հարցի հանգուցալուծման բովանդակության և ձևի մասին ազդարարումից հետո ի հայտ եկած հարցադրումների շարքում, անկասկած, առանցքայիններից մեկն այն է, թե ինչպես է Հայաստանի իշխանությունն իր քաղաքական որոշումը, այսպես ասած, համադրելու Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի հետ: Ակնառու է, որ իշխանության ընդդիմախոսները, հատկապես նախկին իշխանության շրջանակը ներկայացնող խմբերը, պայքարի հիմնական շեշտը դնելու են այդ ուղղությամբ՝ Եվրոպայից իրենց դիրքորոշմանն աջակցություն ստանալու համար, օգտագործելով ոչ միայն սեփական բովանդակային փաստարկները, այլ գործնականում նաև դեռևս իշխանության շրջանից եկող կապերը այդ կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ: Այդ հանգամանքը պարզ է ու հասկանալի, Հայաստանում ընդդիմությունը՝ անկախ այդպիսին եղած ուժերի հանդեպ հանրության վերաբերմունքից թե՛ նախկինում, թե՛ հիմա, մշտապես էլ փորձել է իշխանության հետ իր քաղաքական պայքարում օգտագործել եվրոպական ամբիոնը:
Ի դեպ, այստեղ կա էական տարբերություն՝ օտարերկրյա աջակցության հանգամանքի ընդհանրական հարցի առնչությամբ: Երբ, օրինակ, որևէ քաղաքական ուժ իր ներքին պայքարի համար փորձում է ստանալ որևէ ուժային կենտրոնի ճնշում Հայաստանի իշխանության վրա, ապա այդ վարքագիծը, մեղմ ասած, խնդիրներ ունի պետական անվտանգության, ինքնիշխանության հետ, թեև դարձյալ լայնորեն տարածված է եղել հայաստանյան ներքաղաքական շրջանակում: Այլ է հարցը եվրոպական կառույցների և ամբիոնների պարագայում, որովհետև այստեղ խոսքը այն կառույցների մասին է, որոնց լիիրավ անդամակցում է Հայաստանը, ու անդամակցում է հենց այն բովանդակության շրջանակով, որի ուղղությամբ էլ ներկայումս ընթանում է ներքաղաքական «դիսկուրսը»: Ըստ այդմ, Հայաստանի պարագայում այս հանգամանքը չի կարող դիտվել այսպես ասած՝ ներքին գործին միջամտություն, երբ եվրոպական կառույցները հայտնում են կարծիք կամ անում են դիտողություն, իսկ ընդդիմությունները՝ դարձյալ անկախ նրանց հանդեպ վերաբերմունքից, դիմում են նրանց:
Հայաստանը Եվրոպայի անդամ է, դա ենթադրում է ոչ միայն Եվրոպայից օգնության, միլիոնավոր դոլարների ծրագրերի ակնկալիք, այլ նաև պարտավորություն ու պատասխանատվություն: Ըստ այդմ, խնդիրը գտնվում է քաղաքական-դիվանագիտական աշխատանքի տիրույթում, թե ո՞վ ավելի լավ կաշխատի եվրոպական կառույցների հետ, փորձելով ներկայացնել սեփական դիրքորոշման ու որոշումների քաղաքական հիմնավորում, փաստարկում: Ակնառու է, որ խնդիրը, իրավագիտության դաշտում լինելով, ոչ միայն իրավական է, ըստ այդմ, մասնագիտական տեսանկյունից լինելով՝ իրապես, մեղմ ասած, խնդրահարույց, իշխանության քայլը, այդուհանդերձ, հեղափոխության տրամաբանության շրջանակում է կամ, այլ կերպ ասած, քաղաքական տրամաբանության շրջանակում: Իսկ Եվրոպայի խորհուրդը քաղաքական կառույց է, որը ճանաչել է Հայաստանում թավշյա հեղափոխությունը և առնվազն պատրաստ է աշխատել այդ հեղափոխության կապիտալիզացիայի ուղղությամբ գործակցության դաշտում: Վերջին հաշվով, այստեղ աշխատանքի մեծ դաշտ կա, և կարևորն, անշուշտ, շեշտադրումներն ու բովանդակությունն են, դրանց ընդգրկման լայնությունը:
Ակնառու է, երբ Հայաստան-Եվրոպա խոսակցությունն այդ առումով ընթանա զուտ ժողովրդավարա-իրավական համատեքստում, ապա կոնֆլիկտն այստեղ անխուսափելի է: Մինչդեռ, Հայաստանը մի անգամ արդեն իսկ զգացել է, թե ինչ խնդիրներով է հղի Հայաստան-Եվրոպա հարաբերության ճգնաժամը՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո: Այդ ճգնաժամը Հայաստանին զրկում է ռազմա-քաղաքական կարևոր թևերից մեկից, որով ապահովվում է Հայաստանի անվտանգային բալանսը ռեգիոնալ և միջազգային անվտանգության տրամաբանության շրջանակում: Եվ դա մի հանգամանք է, որը խորքային առումով չի հաջողվի ծածկել իշխանության բարձր լեգիտիմությամբ միայն: Դրան զուգահեռ, սակայն, հենց այդ լայն շրջանակում է, որ Եվրոպայի հետ Հայաստանը կարող է համադրել լոկալ տիրույթում բարդ համադրելին, որովհետև Հայաստանի անվտանգությունը խորքային առումով նաև եվրոպական անվտանգության դարպասն է: Իսկ ահա այդ տեսանկյունից, արդեն Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը ամբողջացնելը՝ անգամ իրավագիտության տեսանկյունից խնդիր ներկայացնող հանգամանքների կիրառմամբ, էական նշանակություն ունի Հայաստանի անվտանգային միջավայրի երկարաժամկետ կայունացման և դիմադրունակության համար: Եվրոպայի խորհուրդն այդ հարցում բնականորեն շահագրգռված կառույցներից մեկն է, որովհետև Հայաստանը պահում է եվրաատլանտյան անվտանգության կարևորագույն բնագիծը: Ի վերջո, հենց այդ համադրելիության մեջ գտնվեց ելքը 2013-ին ներդրված ճգնաժամից, այն ժամանակ Ապրիլյան քառօրյա պատերազմի գնով: Ըստ այդմ, ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի համար էական ռիսկ է ևս մեկ անգամ այդօրինակ իրողության առաջ կանգնելը:










































