Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի 6-րդ ծանր հանցավորությունների դատարանը պատրաստվում է մինչև 20 տարի ազատազրկման դատապարտել հայտնի արվեստագետ Յըլմազ Դյունենին։
Դրա պատճառն այն է, որ երբ 2009 թվականի աշնանը Հյուսիսային Իրաքում ընկած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) Մահմուրի ճամբարից մի խումբ PKK-ականներ վերադարձան Թուրքիա, Դյունենը նրանց դիմավորելիս բացականչել էր «Բարի գալուստ։ Դուք եկել եք պարոն Օջալանի պահանջով։ Դուք եկել եք Թուրքիայում մշտական խաաղության համար»։
Այժմ Յըլմազ Դյունենը մեղադրվում է «Ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» և «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» մեղադրանքներով։ Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ երբ 2009 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Օջալանի կոչով PKK 34 անդամներից բաղկացած «խաղաղության խումբը» վերադարձավ Թուրքիա՝ որպես պատերազմին վերջ դնելուն պատրաստակամության նշան, նրանք անմիջապես ձերբակալվեցին, սակայն որոշ ժամանակ անց դատարանը համաներմամբ («զղջման օրենք»-ի հիմքով) ազատեց նրանցից 29-ին, իսկ հետո` նաև մնացած 5-ին: Դատարանը դա հիմնավորեց նրանով, որ «PKK-ում գտնված ժամանակ նրանք ոչ մի հանցագործություն չէին կատարել»:
Սահմանային Խաբուր գետի մոտ տասնյակ հազարավոր համակիրներ, քրդական «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցության (ԴՀԿ) գլխավորությամբ, մեծ շուքով ընդունեցին քուրդ զինյալների վերադարձը, որով էլ հարուցեցին թուրքական հասարակության ու հատկապես ընդդիմության դժգոհությունը: Սակայն ամենամեծ դժգոհությունն արտահայտեցին PKK-ականների կողմից սպանված թուրք զինծառայողների մայրերն ու հակամարտության ժամանակ վիրավորված վետերանները:
Թուրք ազգայնականները խաբուրյան իրադարձությունները որակեցին որպես խայտառակություն, և երբ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ պատարագ անցկացվեց, թուրք ազգայնականների Yeni Çağ թերթը գրեց. «Մի Խաբուր էլ Աղթամարում»։









































