Վաշինգտոնը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հրաժարականի պահանջից: Նման հայտարարություն է արել Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ճեպազրույցի ժամանակ: Նրա ելույթի տեքստը հրապարակված է Պետդեպարտամենտի կայքում:
Միևնույն ժամանակ, ըստ Ջեֆրիի, ամերիկյան կողմը նախատեսում է ճնշում գործադրել սիրիական կառավարության վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: «Մեր պահանջներն անհիմն չեն: Մենք չենք պահանջում Ասադի հրաժարականը: Մենք պահանջում ենք այս կառավարության պահվածքի փոփոխություն»,- հավելել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով, Ասադի ռեժիմը «մեկ շաբաթ էլ չի ձգի» առանց Մոսկվայի օգնության:
Ջեֆրին հավելել է, որ Վաշինգտոնը կցանկանար փոխել Սիրիայի հարցում Մոսկվայի քաղաքականությունը, բայց չի ցանկանում ճնշում գործադրել կամ պահանջել զորքերի ամբողջական դուրսբերում: Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է համապատասխանի տարածաշրջանի իրավիճակի հետ կապված համաշխարհային հանրության պահանջներին:






































