Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները քաղաքական դաշտի, փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում են։ Եթե կա կարծիք, որ նմանատիպ անհամաչափ գնահատականներ միջազգային կառույցների ներկայացուցիչները տալիս են, որովհետև հսկայական աշխատանք են տանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց կապերի միջոցով, տեսակետ կա նաև, որ այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաև գործող իշխանությունը։
Անդրադառնալով Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, թե՝ մտահոգ են վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության բարձր մակարդակի համար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մասնավորապես նշել է, որ բարկացած է գործող իշխանությունների վրա։ «Համազեկուցողները հավասարության նշան են դրել ՀՀ լեգիտիմ իշխանությունների և կեղծիքներով ստեղծված ոչ լեգիտիմ ՍԴ-ի միջև։ Դա իշխանությունների դանդաղկոտության հետևանքն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ԵԽԽՎ-ի հետ այլ լեզվով խոսել՝ որ մենք հեղափոխություն ենք արել, և մեր ժողովուրդը ժողովրդավար ինստիտուտների կարոտ է, իսկ ՍԴ-ն նախկին հանցագործ բանդայի սպասարկուն է»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա մի խնդիր է, որն «ականջի հետև» գցելու պատճառով այսքան խորացել է: «Դրա մեջ կա նաև օբյեկտիվ բաղադրիչ, որովհետև հեղափոխությունից հետո բավականին բարդ խնդիրների առջև էր իշխանությունը կանգնել։ Բայց այնուամենայնիվ այսքան չերկարաձգել հաստատապես հնարավոր էր։ Երկրորդը՝ իհարկե, շփումները միջազգային համապատասխան կառույցների հետ, երրորդը՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց մի փաստաթուղթ, թե ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը, գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը կարող էր լինել բանաձևի տեսքով, քաղաքացիների 80 տոկոսի հավանությանն արժանացած ԱԺ-ի կողմից ընդունված հռչակագիր, որի մեջ կլիներ նաև անցյալի քաղաքական գնահատականը. «Դա թույլ չէր տա, որ նույն հարթության վրա դիտարկվի հանցագործ նախկին իշխանությունը և ներկայիս լեգիտիմ իշխանությունը։ Իհարկե, այս ամենը համալիր պատճառների օրինաչափական և տրամաբանական հետևանք է»։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է՝ իշխանությունները չպետք է առաջնորդվեն նրանով, ինչ ասում են միջազգային կառույցները, բայց միջազգային կառույցների արձագանքը հաստատապես չպետք է լինի բացասական այն ամենի նկատմամբ, ինչ արվում է Հայաստանում: «Մանավանդ, երբ դրա հնարավորությունը կա։ Իշխանություններին մնում է օգտագործել այդ հնարավորությունը»,- եզրափակեց Մեհրաբյանը։
Մինչդեռ ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ երբ նշվում է, որ Սահմանադրական դատարանը կեղծիքներով է ընտրվել, պետք է նաև ապացուցվի միջազգային կառույցների համար: «Ասել, որ կեղծիքներով է ընտրվել ու չունենալ դրա համար որևէ փաստարկ, դատարանով օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռ՝ բնականաբար այնքան էլ համոզիչ չէ եվրոպական կառույցների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանը շեշտեց՝ շատ լավ իմանալով, որ այսինչ քաղաքական գործիչն ընտրություններում կեղծիքներով է հաղթել, պետք է խոսեն դրա մասին. «Իրենք դատարանի վճիռներով են առաջնորդվում, ոչ թե ինչ-որ մարդկանց գնահատականներով, որոնց հայտարարություններում իրավական հիմք չկա»։
Փորձագետի դիտարկմամբ՝ ինչ-որ աշխատանք միջազգային կառույցների հետ ներկայիս իշխանություններն անում են. «Բայց պետք է ավելի հիմնավոր փաստեր ներկայացնեն, առանց որևէ փաստ ներկայացնելու եվրոպական կառույցներին չեն կարող համոզել։ Եվրոպայում սիրում են ամեն ինչ փաստարկված տեսնել, բացի այդ՝ իշխանություններն ուշացել են։ Իմ խորին համոզմամբ՝ եթե հեղափոխությունից անմիջապես հետո գնային Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, հնարավոր է Եվրոպայում ինչ-որ բանի վրա էլ աչք փակեին»։
Վարդանյանը հիշեցնում է՝ հեղափոխությունից անմիջապես հետո Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չէր վիճարկվում իշխանության կողմից. «Իսկ վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն վիճարկվում է, ինչը բնականաբար Եվրոպայում լուրջ չեն ընդունի։ Ոչ միայն եվրոպական կառույցները, Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ է այս առիթով հայտարարություններ արել՝ ասելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի ու Սահմանադրության շրջանակներում»։







































