Հայաստանի վարչապետը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությանը, Հայաստանի ներքին բարեփոխումներին, ինչպես նաև հունիսին Արևելյան գործընկերության Վեհաժողովին առնչվող հարցեր:
Կասկած չկա, որ վարչապետի և ԵԽ նախագահի հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը: Միաժամանակ այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ այդ զրույցի մասին հաղորդագրությանը զուգահեռ տարածվել է նաև խնդրի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունը, որով նա կոչ է անում պետական ինստիտուտներին հարգել միմյանց, խնդիրը կարգավորել օրենքի և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողության շրջանակում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ ՍԴ-ի խնդիրը Հայաստանից արդեն «արտահանվում է», Հակոբ Բադալյանը նշեց. «Եվրոպայի խորհուրդը նոր չէ, որ ուշադրություն է դարձնում այս խնդրին, և դա զարմանալի չէ, որովհետև ՀՀ-ի և ԵԽ-ի հարաբերությունների շրջանակում դատաիրավական հարցերը առանցքային տեղ են զբաղեցնում, քանի որ ժողովրդավարության առումով դրանք առանցքային բաղադրիչ են»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ՀՀ ՍԴ-ի հարցը Հայաստան- ԵԽ հարաբերության համատեքստում է. «ԵԺ-ն Հայաստանի համար ռազմաքաղաքական նշանակություն ունի տարածաշրջանային հավասարակշռության պահպանման առումով… Հայաստան – ԵԽ հարաբերությունը չպետք է ստորադասել ՍԴ խնդրին… Թավշյա հեղափոխությունից հետո ձեռք բերված ժողովրդավարական դրոշակակրի վարկը պահելը չափազանց կարևոր է Հայաստանի համար»:
Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ վարչապետը փորձել է հարթել առաջացած թյուրըմբռնումը. «Բուքիքիոյի հայտարարության մեջ առկա փոխադարձ հարգանքի առաջարկությունը նաև մեր շահերից է բխում… Հայաստանի կառավարության ժողովրդավարական վարկը պահանջում է գործել թեկուզ դանդաղ, քանի որ այդ դանդաղ գործելակերպը կարող է բերել ավելի վճռական արդյունքի, քան սրընթաց և հախուռն գործողությունները»:
Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ եվրոպացի չինովնիկների հայտարարությունները կոնկրետ չեն, իրենց ոճը միշտ այդպիսին է եղել: «Հայաստանի նորաստեղծ ժողովրդավարությունը մենք իրավունք չունենք քամուն տալու: Իսկ քանի դեռ ՍԴ-ն գտնվում է նախկին ավտորիտար ռեժիմի մի բեկորի ձեռքին, չենք կարող վստահ լինել, որ ժողովրդավարությունը չի տապալվելու… Երբ որ 2015-ին Սահմանադրության տեքստն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, Բուքիքիոն թող այն ժամանակ ասեր, որ այնտեղ անհաղթահարելի խութեր կան»,- նշեց Ա. Խաչատրյանը՝ ընդգծելով՝ Սահմանադրական դատարանը փորձանք է մեր պետության համար:
Մանրամասն՝ տեսանյութում:










































