Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:
Դ. Մովսիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
Ավելի վաղ հայտնել էինք` Արցախում զինծառայող է մահացել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատների հետ զրույցում ասել էր, որ «սա ինքնասպանություն չէ ինձ համար. ես հետևելու եմ այս գործին»: