Գերմանացի պրոֆեսոր Էկխարդ Խանը առաջարկել է Վյունսդորֆում նացիստների նախկին ռազմական բազան վերածել էկոքաղաքի: Խանը ցանկանում է այստեղ բացել լաբորատորիա, որտեղ հազարավոր ուսանողներ կուսումնասիրեն ուրբանիստիկա: Պրոֆեսորի կարծիքով՝ այդպիսի բնակավայրերը աշխարհը կփրկեն համաշխարհային կլիմայական ճգնաժամից՝ գրում է Deutsche Welle-ը:
1936-1945 թվականներին Վյունսդորֆում տեղակայվել է վերմախտի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարության շտաբը: Այժմ տարածքը լքված է: Այն անջատել են հաղորդակցման բոլոր ուղիներից և փակել: Այստեղ թույլ են տալիս զբոսաշրջիկների՝ ըստ նախնական գրանցման. այցելությունն արժե 15 եվրո: Վյունսդորֆում են մնացել թատրոնի դատարկ շենքը, լողավազանը և նախկին Սպայի տունը՝ Լենինի արձանով:
Պրոֆեսոր Խանի ծրագիրը «ապագայի քաղաք»-ի ստեղծման վերաբերյալ նախատեսում է առավելագույն ինքնավարություն և էկոլոգիականություն, մասնավորապես էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործում: Նա նաև ենթադրում է, որ էկոբնակավայրը կարող է ինքնուրույն ապահովել իրեն բանջարեղենով և մրգերով ու կկարգավորի անձրևաջրերի վերամշակումը:
Սակայն Բրանդենբուրգ երկրամասի Տարածաշրջանային զարգացման գործակալությունը համարում է, որ Խանի գաղափարը անիրագործելի է: Գործնականում շրջանում բոլոր նախկին զորանոցները արդեն վաղուց վերածվել են շքեղ բնակարանների: Մինչդեռ էկոքաղաքի նախագիծը պահանջում է մոտ 10 հազար ուսանողների վերաբնակեցում, ինչը կընկալվի որպես «օտար մարմին»: Բացի դրանից, ստիպված պետք է վերաձևակերպել անտառային զանգվածների հատվածները, ինչը գործնականում անիրական է, իսկ ռազմաբազայի առանձին հատվածներ արդեն վաճառված են:
Ինքը՝ պրոֆեսորը, խուսափողական պատասխան է տալիս իր մտահղացման իրագործելիության վերաբերյալ հարցին: Նա խորհրդանշական է համարում, որ քաղաքը, որի պատմությունը կապված է ռազմական գործողությունների հետ, կարող է դառնալ նորարարական և փորձարարական տարածք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համարում հետագա բանակցությունները:









































