Վերջին շրջանում իրենց ընդդիմադիր հռչակած նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, նրանց շահերը սպասարկող որոշ անհատներ նախանձելի հետևողականությամբ և պարբերականությամբ արտահերթ ընտրությունների օրակարգ ձևավորելու փորձեր են անում: Վերջինը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն էր, որտեղ նա «Իմ քայլին» կոչ է անում իր շարքերից նոր վարչապետ ընտրել։
Հաշվի առնելով նմանատիպ կոչերի և հայտարարությունների ոչ օրինաչափ լինելու հանգամանքը, դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը պատասխանեց․ «Մենք դիտարկում ենք արտահերթ ընտրությունների թեմա՞ն, որովհետև Վանեցյանը մի փոքր այլ թեմա էր առաջարկում՝ ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ փոխել վարչապետին։ Դա ուրիշ թեմա է։ Իսկ արտահերթ ընտրությունների թեման, այո, վերջին ամիսներին պարբերականորեն արծարծվում է։ Ես կարծում եմ՝ առայժմ խնդիրը համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորելն է, որպեսզի այդ մասին խոսեն ու ձևավորվի այնպիսի կարծիք, որ նման հնարավորություն կարող է լինել։ Եթե նկատեցիք՝ դրան անդրադարձավ նաև վարչապետն իր ասուլիսի ժամանակ։ Նա ասաց, որ տրամադրված են հերթական ընտրության, բայց իր հերթին չբացառեց նաև արտահերթ ընտրությունների հարցը՝ ասելով, որ կյանքը ցույց կտա»։
Իսկ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց․ «Նախ՝ ես համաձայն չեմ, որ վերջինը Վանեցյանի հայտարարությունն էր։ Վերջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էր, որտեղ նա ևս նշում է, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը բավական մեծ է։ Բնականաբար, դա այդպես չէ։ Այսօր չկան դրա համար նախադրյալներ, այս պահին հնարավոր չէ պատկերացնել այնպիսի գործընթացներ, որոնք կբերեն արտահերթ ընտրությունների։ Այսօրվա իշխանության կոնյունկտուրան ձևավորվել է որոշակի համամասնությամբ, որը գոնե այս պահին համապատասխանում է հասարակության մեջ տրամադրություններին։ Թեև, երկրորդ նախագահը նշում է, որ տրամադրությունները կարող են փոխվել, սակայն կարող են և չփոխվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։






































