Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ևս մեկ հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ռենատ Կուզմինը:
Նրա խոսքով, գործում ներգրավված են նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Պատգամավորը պարզաբանել է, որ հետաքննվելու են «Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի ներկայացրած փաստերը»:
Կուզմինը հրապարակել է փաստաթղթերի լուսանկարները, որոնք հաստատում են հետաքննության մեկնարկը: Ընդ որում, փաստաթղթում բոլոր ներգրավված անձինք, բացառությամբ Պորոշենկոյի, նշվում են որպես «անհայտ անձինք»:
Հիշեցնենք, որ Ջուլիանին բազմիցս հորդորել է ուկրաինական իշխանությունների դեմ հետաքննություն սկսել այն փաստի վերաբերյալ, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հոր փոխնախագահության օրոք միլիոնավոր դոլարներ է ստացել Burisma Holdings ուկրաինական ընկերությունից:









































