Սպիտակ տունը փորձել է կասեցնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնարավոր ցուցմունքները իմփիչմենթի գործընթացում և հետաձգել գրքի հրապարակումը: Սպիտակ տան տեղեկատվական անվտանգության հարցերի տնօրեն Էլեն Նայթը նամակ է գրել Բոլթոնի փաստաբաններին, որում նշել է, որ նախկին խորհրդականի չհրատարակված գրքում կա «մեծ քանակությամբ գաղտնի տեղեկություն»: Նայթի նամակը հրապարակել է MSNBC հեռուստաալիքը:
Բոլթոնը կարող է Սենատի կարևորագույն վկան դառնալ Թրամփի իմփիչմենթի գործընթացում:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տարածվել էին Բոլթոնի գրքից որոշ դրվագներ, որտեղ նա նշում է, որ Թրամփն իրոք կասեցրել է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ Կիևից հետաքննություն ակնկալելով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի նկատմամբ:









































