Նորմալ է, որ իշխանությունները գոհ չեն ընդդիմությունից, դա նշակում է, որ մենք մեր գործը ճիշտ ենք անում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադալով Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության վերաբերյալ արտահայտած մտքերին։
Նա նշեց, որ խնդիր է տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարում. «Եթե դուք լեգիտիմ ուժ եք և շատ ձայն եք համավաքել, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան ու ամենաթողություն ձեզ թույլ տաք»։
Գորգիսյանն ընդգծեց, որ եթե իշխանությունը չի փոխզսպվում իշխանության կողմից և չկա առողջ քաղաքական բանավեճ, ապա երկիրը վերածվում է այն վիճակին, ինչը մինչ հեղափոխությունն էր։
«Կարծես մեր իշխանությունը մնացել է խցանված հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ և ոչ մի կերպ չի կարողանում վեր կանգնել դրանից, առաջ քայլել ու գնալ կառուցելու ժամանակներին։ Հանրությունը նախ դա է սպասում նրանցից և արդեն վաղուց անցել է հեղափոխության փուլը»,-ասաց ԼՀԿ պատգամավորը։