Հայաստանում դիտվում է ճամփորդական ապահովագրությունների աճի միտում: 2009 թվականին ապահովագրվել է 12,833, 2010-ին՝ 17,724, 2011 թվականի վեց ամիսներին՝ 7530 մարդ: Այս տվյալներն ասուլիսի ընթացքում հրապարկեց «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը: Նա նշեց, որ 2009 թվականին 66 դիմումներից փոխհատուցվել է 57-ը, 2010 թվականին 150 դիմումներից՝138-ը և այս տարի փոխհատուցվել են բոլոր 43 դիմումները: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե արտասահման մեկնող զբոսաշրջիկների քանի տոկոսն է ապահովագրվում, և քանիսն է դիմում փոխհատուցման, Մելիքսեթյանը պատասխանեց, որ ապահովագրվում է զբոսաշրջիկների 70-80 տոկոսը, դիմում է փոխհատուցման համար 10 տոկոսը:
Ներկայումս ճամփորդական ապահովագրություն առաջարկում են հենց տուրիստական գործակալությունները, և հաճախ այն պարտադիր է, հատկապես Շենգենյան գոտու և ԱՄՆ-ի դեպքում: EAL գործընկերության իրավաբանական գրասենյակի տնօրեն Տարոն Սիմոնյանի խոսքով, փոխհատուցման դիմումները հիմնականում բավարարվում են, եթե դրանք կեղծիքի վրա հիմնված չեն: Նրա խոսքով, իրենց դիմածներից 4-5 դեպքերից միայն մեկ դեպքում է քաղաքացին իրավացի եղել և փոխհատուցում է ստացել: Ճամփորդական ապահովագրությունը գնահատվում է ըստ երկրների և օրերի։ Օրինակ՝ Շենգենյան գոտու համար մեկ օրը արժե 450 դրամ, Թուրքիան՝ 350 դրամ, ԱՄՆ-ը՝ 500 դրամ: 2009-2010 թվականին առավելագույն փոխհատուցում տրվել է 3 միլիոն դրամի չափով, 2011 թվականին փոխհատուցում ստացվել է միջինը 450 հազար դրամի չափով:











































