Ինչպես գրում է TIME-ը, հնարավոր է՝ Google-ի որոնողական համակարգը մարդու հիշողության ատրոֆիա առաջացնի: Կոլումբիայի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս անմիջապես հասանելի դարձնել որոշակի ինֆորմացիան, կարող են մարդու ուղեղին ստիպել արագ մոռանալ տեղեկությունները, քանի որ ուղեղը վարժվում է, որ կոճակի մեկ հպումով այն կհայտնվի իր ձեռքի տակ:
Հոդվածագիրը գրում է, որ փոքր ժամանակ դպրոցում երգեցողության միջոցով է սովորել լինել բայի խոնարհումը, իսկ հիմա դրա համար բավական է բացել Google-ը և գտնել ճիշտ ձևը: Կամ ինչի համար է աշխարհագրության դասը, եթե Google Map-ն անմիջապես ամեն ինչ կասի:
Այս թեմայով 2008 թ. The Atlantic պարբերականում տպագրված Նիկոլաս Քարի «Արդյոք Google-ը մեզ հիմա՞ր է դարձնում» հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել: Իսկ այդ հոդվածի միտքը նա զարգացնում է «Ծանծաղուտը» գրքում՝ ապացուցելով, որ ինտերնետը կարող է շատ արագ վերափոխել մեր ուղեղը:
Նույնը գրում են նաև Կոլումբիայի համալսարանի մասնագետները, որոնք «Google-ի ազդեցությունը մեր ուղեղի վրա» հոդվածում շեշտում են, որ եթե տեղեկատվության հասանելիությունն ապահովված է ինտերնետում, ապա մեր ուղեղը ջանք չի գործադրում այն հիշողությունից վեր հանելու համար: Սրան հակառակ մեծանում է մեր ուղեղի կարողությունը, թե որտեղից կարելի է այդ տեղեկությունները գտնել: Գիտնականները եկել են եզրակացության, որ ինտերնետը փաստացի դարձել է հիշողության արտաքին «պահեստ», որտեղ տեղեկությունները պահվում են ոչ թե նեյրոններում, այլ բայթերում:
Գիտնականները, սակայն, վերջնական պատասխան չեն տալիս՝ արդյո՞ք ուղեղը ատրոֆիայի է ենթարկվում և այլևս չի փորձում տեղեկություններ կլանել:
Հետազոտության մեջ միայն նշվում է, որ ինտերնետ հասանելիությունը հնարավոր է՝ հանգեցնի նման գործընթացների:










































