Ակնկալում եմ ԲՀԿ նախագահի արձագանքը։ Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանն այս պահին չի ներկայացնում կուսակցության և իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր և ԲՀ խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած ընդհարմանը։
«Խմբակցությանը դիմելիս՝ շարունակում եմ սպասել, ակնկալել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ներողություն կխնդրեն խմբակցության անունից գալու իրավունք ունեցող քարտուղարը և խմբակցության ղեկավարը և անարձագանք չի մնա այն, ինչ տեղի ունեցավ Ձեր նշած պատգամավորի ելույթից հետո, որովհետև ես առհասարակ հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մտքից և այդպիսի մղումներ չեմ կարող ունենալ»,-նշեց Արման Բաբաջանյանը։
Վերջինս նշեց՝ չգիտի ում նկատի ուներ Գևորգ Պետրոսյանն իր ելույթի վերջնամասում և իր վերաբերմունքն առհասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռում է «Բարգավաճ Հայաստան»-ում. «Կարծում եմ՝ դահլիճում գտվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր առնվազն պիտի անարձագանք չթողներ այդ ելույթը, և դրա բովանդակային մասը։ Հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ»,-նշեց Արման Բաբաջանյանը։ Նա հույս հայտնեց՝ այդ քաղաքական ուժում գտվող ողջամիտ հատվածն ուժ կգտնի՝ տեղի ունեցածին գնահատական տալու։