Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը ստիպված կլինեն Մեծ Բրիտանիայի բյուջե վերադարձնել 2,4 միլիոն ֆունտ սթերլինգը, որը նրանք ծախսել են իրենց Ֆրոգմոր նստավայրի վերանորոգման համար, գրում է բրիտանական Guardian պարբերականը։
Հարին և Մեգանը այլևս բրիտանական բյուջեից չեն ստանա նաև թագավորական ընտանիքին տարեկան 82 միլիոն ֆունտ սթերլինգ հատկացվող գումարից իրենց չափաբաժինը, հավելում է Guardian-ը։
Նախօրեին Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ Սասեքսի դքսերը զրկված են թագավորական բոլոր արտոնություններից և պարտականություններից՝ իրենց սեփական ցանկությամբ։
Հունվարի 13-ին Եղիսաբեթ թագուհին ընտանեկան «հակաճգնաժամային» խորհուրդ էր հրավիրել, որպեսզի քննարկեին արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որոշումը։ Արդյունքում բրիտանական թագուհին հավանություն է տվել թոռան որոշմանը։