Ապրիլի 28 –ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գալուստ Սահակյանին, ով ղեկավարում էր ՀՀԿ խմբակցությունը:
Ստորև ներկայացնում ենք Գալուստ Սահակյանի կենսագրականը.
Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել բանասիրական կրթություն:
1970-1972թթ. Երևանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996 թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:
1995-1999թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք), Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:








































