Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է ուկրաինական իշխանությունների ենթադրությունը, որ Թեհրանում վթարի ենթարկված UIA-ի Boeing-737 ինքնաթիռը կարող էր կործանվել հրթիռի պատահական հարվածից:
Աբեդզադեն շեշտել է, որ ինքնաթիռի վրա հրթիռային հարձակումը «գիտականորեն անհնար է»: Նա բացատրել է, որ նույն պահին նույն բարձրության վրա են եղել ևս մի քանի ուղևորատար ինքնաթիռ:
«Այն վարկածը, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով, չի կարող ճիշտ լինել ոչ մի պարագայում»,- հայտարարել է Աբեդզադեն:
Նա շեշտել է, որ երկրում ռազմական և քաղաքացիական հատվածների միջև առկա է «լիակատար համակարգում»:
Աբեդզադեն հերքել է նաև այն տեղեկությունները, որ Իրանը հրաժարվել է սև արկղերը հանձնել Միացյալ Նահանգներին: Նա նշել է, որ հետաքննությամբ հետաքրքրված բոլոր կողմերին կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն: Պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտության դեպքում, սև արկղերի տվյալների գաղտնագրումը կիրականացվի Ֆրանսիայում կամ այլ երկրում: