Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներն այլևս չեն շփվում Ուկրաինայում ճգնաժամի, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների և Պուտինի շրջապատի պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը՝ հղում կատարելով ՌԴ ղեկավարությանը մոտ աղբյուրներին, որոնք տեղեկացնում են, որ նախկինում պարբերական կապերն ընդհատվել են Կրեմլի նախաձեռնությամբ:
«Պուտինն Օբամայի հետ չի խոսի ճնշման տակ»,- պարբերականին հայտնել է Ժամանակակից զարգացման ինստիտուտի ղեկավար Իգոր Յուրգենսը, ով համարվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ դաշնակիցը: Նա նշում է, որ կապերն «ընդմիշտ չեն» ընդհատվել:
Սպիտակ տնից և Կրեմլից պաշտոնական տվյալներով՝ Պուտինի և Օբամայի միջև վերջին հեռախոսազրույցը եղել է ապրիլի 14-ին: Օբաման կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսամետ ակտիվիստներին աջակցությունը, Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանը չի միջամտում իրավիճակին, իսկ ամերիկյան կողմի ենթադրությունները հիմնված են «ոչ հուսալի տեղեկության» վրա:
Մարտին նախագահներն Ուկրաինայի հարցով 3 անգամ են շփվել՝ 6-ին, 16-ին և 28-ին:
Հիմա, ինչպես նշում է The Daily Beast-ը, կողմերից ոչ մեկն ուղիղ կապ չի փնտրում, ինչպես դա լինում էր Ուկրաինայում ճգնաժամի սկզբում: Սառեցման վկայություններից մեկը կարող է լինել Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպանի՝ Ջոն Թեֆթի նշանակումը, որը հայտնի է ռուսական իշխանությունների հետևողական քննադատությամբ:










































