Եվրահանձնաժողովը և Կիևի իշխանությունները համատեղ աշխատում են որոշելու համար այն ոլորտները, որոնցում Ուկրաինային առավել անհրաժեշտ է ԵՄ-ի ֆինանսա-տեխնիկական աջակցությունը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Ներկայումս Եվրահանձնաժողովն ուկրաինական իշխանությունների հետ աշխատում է այն ոլորտները որոշելու ուղղությամբ, որոնցում եվրոպական տեխնիկական և ֆինանսական օգնությունն առավել անհրաժեշտ է՝ երկրին օգնելու համար իրագործել ԵՄ հետ ասոցացման ու դրա հետ կապված բարեփոխումների մասին համաձայնագրերը»,- Ֆյուլեի խոսքերը մեջբերում է նրա մամլո ծառայությունը:
Եվրահանձնակատարն ապրիլին Եվրահանձնաժողովի ստեղծած Ուկրաինայի աջակցության խմբի կոորդինատորն է: Մինչև 2014-ի վերջ խմբի առաջադրանքը կլինի «այդ երկրի իշխանությունների հետ նախադեֆոլտային տնտեսությունը կայունացնելու, տնտեսական աճը խթանելու նպատակով կառուցողական բարեփոխումների մշակման և իրագործման, ԵՄ հետ ասոցացումից առավելագույն օգուտ քաղելու նպատակով տնտեսության բարեփոխման համար տեխնիկական և ֆինանսական օգնության որոշումն ու համաձայնեցումը»:











































