Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ օգտատերերից է և մշտապես արձագանքում է տեղի ունեցող իրադարձություններին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշելով, որ եթե լուրջ բան է լինում, ապա, որպես կանոն, ինքն արձագանքում է։
«Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ վերջին 20 օրվա ընթացքում իմ տեղեկատվական ակտիվությունը չի պակասել, ուղղակի առաջնահերթություններից անդրադարձել եմ իմ մասնագիտական գործին, շատ քիչ բան է կատարվում Հայաստանում, շատ հազվադեպ է լինում, որ ես լուրջ բանը չմեկնաբանեմ։ Ես բավական շատ տեղեկատվական դաշտում եղել եմ, միշտ ասելիք ունեմ, դրա համար, եթե վճռորոշ բան է լինում, միշտ ասելիք ունեմ»,- ասաց նա:
Աշոտյանը նկատեց, որ ժամանակավոր պաշտոնակատար նախարարը նույնպես նախարար է և բազմաթիվ աշխատանքներ ունի: Նրա խոսքով՝ քաղաքական օրակարգը և լրահոսը չեն սպառվում միայն երկրորդ նախագահի հարցազրույցով, ոչ էլ դրանով սկսվում են:
Մամուլում հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն նոր վարչապետի առաջ պայման է դրել իրեն չընդգրկել նոր կառավարության կազմում, Աշոտյանը չցանկացավ անդրադառնալ: «Ես ուզում եմ կանխել նման տեսակի խոսակցությունները, որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ նախապայմանների լեզվով ոչ մեկին չի հաջողվել երբևէ խոսել: Ես վստահ չեմ, որ այդ ձեր բարձրաձայնած դեպքը տեղի է ունեցել, և երկրորդ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մասնավորապես նույնպես ոչ մեկը նախապայմանների լեզվով չի կարող խոսել:
«Բարգավաճ Հայաստանը», այդուհանդերձ, քաղաքական կոռեկտություն որդեգրած քաղաքական ուժ է և նախապայմանների լեզվով զրույցներ, հուսով եմ, երբեք չի վարել»,- ասաց նա:
Խոսքն ավարտելով՝ Աշոտյանը հեռացավ, սակայն հետո վերադարձավ՝ հավելելու համար, որ երկրորդ նախագահի հարցազրույցին անդրադարձել է կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը: «Կարծում եմ՝ այդ անդրադարձը կարելի է դիտարկել բոլոր նախարարների և նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների անունից»,- ասաց նա։









































