Արգենտինայում օդաչուին հաջողվել է երկու խափանված շարժիչով մասնավոր ինքնաթիռով վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում և փրկել բոլոր ութ ուղևորների կյանքը, հաղորդում է La Nación պարբերականը:
Նշվում է, որ արտակարգ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմաններում՝ փոթորկի և անձրևի ժամանակ: Սակայն Cessna C560X LV-FQ-ի օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել թռիչքուղուց երեք կմ հեռավորության վրա գտնվող դաշտում:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորները ինքնաթիռը լքել են ինքնուրույն: Նրանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել:
Ավիափորձագետները պարբերականի հետ զրույցում նշել են, որ ողբերգությունը կանխելուն օգնել է օդաչուի վարպետությունը և այն փաստը, որ դաշտում ավելի քան մեկ մետր բարձրությամբ եգիպտացորենի բույսեր են եղել, և հողը թաց է եղել անձրևի հետևանքով:
Եթե ինքնաթիռը վայրէջք կատարեր մի քանի մետր այն կողմ, ապա կբախվեր բլրին, ինչը, մասնագետների կարծիքով, ճակատագրական կլիներ օդանավում գտնվողների համար:
Թռիչքը կազմակերպել էր գործարար Խոսե Լոպես Կարբայեդան: Նա ցանկանում էր փորձել ինքնաթիռը՝ այն գնելուց առաջ: Օդանավում էին նաև նրա հարազատները: