Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ամերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևի նամակը՝ ուղղված պարբերականի գլխավոր խմբագրին։
Իր նամակում ադրբեջանցի դեսպանը նշել է, որ հուլիսի 7-ին հրապարակած «Ղարաբաղ – առաջին հետխորհրդային պատերազմ» հոդվածում Ուիլ Ինգլունդը չի ներկայացրել այնպիսի փաստեր, որոնք արտացոլում են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը։ «Հոդվածում նշված է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին միացվել է Ստալինի շնորհիվ։ Հոդվածում ոչինչ նշված չէ ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների մասին, ՄԱԿ-ի բանաձևերի, Խոջալուի մասին։
Ապա հուլիսի 8-ի՝ «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է նստել բանակցային սեղանի շուրջ» հոդվածում նույն հեղինակը չի ընդգծում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը «կազմված» է երկու համայնքից՝ ադրբեջանական և հայկական։ Հուսով եմ, որ ապագայում The Washington Post թերթը հավասար ուշադրություն կհատկացնի Ադրբեջանի դիրքորոշմանը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է Ազգերի լիգայի կողմից չճանաչված և 1918 թվականի մայիսի 28-ից 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդը, իսկ Ղարաբաղը մինչև 1921 թվականը (հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշման վերանայումը) չի պատկանել Ադրբեջանին: Ազգերի լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածք:










































