Monday, 29 06 2026
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին

«Եթե հալքումդ չմնաս, ձեր ճաշարանը «լիմոնկա» կգցենք…». 25-ամյա լեյտենանտը Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասում սպանել է համաքաղաքացուն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Կարեն Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ

Արարքը, որի համար մեղադրանք էր առաջադրվել Կարեն Ն.-ին, կատարվել է 1997 թվականի փետրվարի 14-ին: 1971 թվականին ծնված Կարենը այն ժամանակ 25-ամյա լեյտենանտ էր՝  պայմանագրային զինծառայող, վաշտի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ:

Դեպքից հետո Կարեն Ն.-ն գտնվել է հետախուզման մեջ:

Նա արգելանքի տակ է առնվել  2017 թվականի ապրիլի 6-ին:

Կարեն Ն.-ին մեղադրանք էր առաջադրված ծանրացուցիչ հանգամանքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 1997 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15-ի սահմաններում ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին Վանաձորի «Ջունգլիներ» կոչվող թաղամասում Կարեն Ն.-ն հանդիպել է Վահան Զ.-ին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայից վերցրել է ապօրինի պահվող, հրազեն հանդիսացող ինքնաձիգը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ մայթին հավաքված անձանց, հարակից տարածքում  մշակույթի տան ու բնակելի տների առկայության պայմաններում Վահան Զ.-ին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթով կրակոցներ է արձակել, կյանքից զրկել է նրան ու դիմել է փախուստի:

Բացի այդ, Կարեն Ն.-ն, գտնվելով հետախուզման մեջ, 2014 թվականի հունիսի 19-ին, առանց սահմանված փաստաթղթերի՝ կեղծ փաստաթղթերով, Բագրատաշենի անցակետով մուտք է գործել ՀՀ, 2014 թվականի հունիսի 20-ին ապօրինի հատելով նույն սահմանային անցակետը, դուրս է եկել ՀՀ-ից:

Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ապօրինի սահմանահատումների մեղադրանքով Կարեն Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Կարեն Ն.-ն դատարանի առաջ կանգնել է միայն ծանրացուցիչ հանգամանքում կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով: Նա այդ մեղադրանքը չի ընդունել, իրեն մեղավոր է ճանաչել «հասարակ» սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Կարեն Ն.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց՝ նշելով, թե նախաքննական ցուցմունքներում հայտնել է իրականությունը:

Նախաքննական ցուցմունքներում Կարեն Ն.-ն հայտնել է, թե Վանաձորի բնակիչ Վահան Զ.-ին ճանաչել է դպրոցական տարիքից: Նա իրենից մեծ էր 4-5 տարով: Իր հայրը Վանաձորում աշխատում էր ճաշարանում, որը հետագայում սեփականաշնորհել էր:

90-ականներին իրենց ընտանիքը նաև վառելիքատար մեքենա ուներ, որը կանգնած էր լինում ճաշարանի դիմաց:

90-ականներին ինքը հորից լսել է, որ Վահան Զ.-ն «Դոշ» մականունով ընկերոջ՝ Արտակի հետ պարբերաբար անհանգստացրել է հորը, սպառնալիքներով ցանկացել է տիրանալ նրա ճաշարանին: Նրանք երկար ժամանակ գումարներ են վերցրել հորից, նույնիսկ մի անգամ վերցրել են նրա մեքենան, որը վերադարձնելու համար պահանջել են 2 հազար դոլար: Հայրը նրանց տվել է 1000  դոլար, նրանք վերադարձրել են մեքենան:

Ինքը ընկերոջ հետ իրենց ճաշարանի մոտ հանդիպել է Վահանին ու  մի քանի անձանց, առաջարկել է իրենց ճաշարանից ու իր հորից հեռու մնալ: Վահան Զ.-ն իրեն ասել է, թե ճաշարանը իրենց թաղամասում է, հետևաբար՝ պատկանում է իրենց, մյուսների նման պետք է աշխատի իրենց համար, քանի որ իրենց գումարներ են պետք կալանավայրեր փող հասցնելու համար:

Վահանն ասել է՝ եթե «հալքումդ չմնաս», ճաշարանը «լիմոնկա» կգցենք ու կկտրենք ականջդ:

Այդ հանդիպման ժամանակ իրար քաշքշել են, բայց կռիվ չի եղել: Բոլորն այն ժամանակ գիտեին, որ Վահանն ու Արտակը վտանգավոր են, ընդունակ են ամեն ինչի:

Ինքն այդ ժամանակ սովորում էր Երևանում՝ համալսարանի իրավաբանականում: Նրանք ասում էին, թե ինքը դառնալու է իրավապահ, ինչը գողական շրջապատում հարգանք չի վայելում:

Համալսարանում սովորելու պատճառով ինքը երկար ժամանակ բացակայում էր Վանաձորից: Հորը պարբերաբար հարցնում էր ճաշարանի գործերից, հայրն ասում էր՝ ամեն բան կարգին է: Հայրն ուզում էր, որ ինքը կենտրոնանա ուսման վրա:

Որոշ ժամանակ անց ինքը համակուրսեցիների հետ գնացել է Վանաձոր՝ հորը պատկանող ճաշարանում հաց ուտելու: Այնտեղ էին նաև Վահանը, Արտակն ու նրանց ընկերները: Նրանք հաց են կերել ու փողը չեն տվել: Երբ հայրը պահանջել է վճարել, նրանք հայհոյանքներ ու սպառնալիքներ են տվել:  Իրենք դրսում վիճել են, իրենց բաժանել են: Վահանն իրեն ասել է՝ հետո կհանդիպենք ու կխոսենք: Ինքը Վահանի գոտկատեղում ինքնաշեն զենք է նկատել:

Դրանից հետո զրուցել է հոր հետ և իմացել է, որ Վահանն ու ընկերները ճաշարանում սնվում էին՝ առանց վճարելու, վառելիք էին վերցնում իրենց վառելիքատար մեքենայից, նաև գումարներ էին վերցնում հորից ու չէին վերադարձնում՝ սպառնալով, թե կվնասեն ընտանիքի անդամներին: Հայրն իրեն ոչինչ չէր ասում, որ ինքը հեռու մնա Վահանից ու նրա շրջապատից, փորձանքի մեջ չընկնի, ուսումը կարողանա շարունակել:

Վերոհիշյալ միջադեպից մի քանի օր անց իրեն է մոտեցել մի մեքենա, որի ղեկին Արտակն էր, իսկ նրա կողքին նստած էր Վահանը: Արտակն իրեն ձեռքով կանչել է: Երբ ինքը մոտեցել է, պահանջել են, որ նստի մեքենա: Ինքը նստել է այդ մեքենայի հետևի նստատեղին, տեսել է, որ մեքենայում ևս մեկը կա Վահանի ընկերներից:

Արտակը մեքենան վարել է դեպի իրենց թաղամասում գտնվող մարզադահլիճ : Իրենք մեքենայից իջել, գնացել են նկուղային հարկում գտնվող մարզադահլիճ, որի դռանը չհասած՝ Վահանը հայհոյել է իրեն, ինքը պատասխան հայհոյանք է տվել: Իրեն քաշքշել են, ապա Արտակը ծանրաձողով հարվածել է իր կրծքավանդակին: Ինքն ընկել է: Նրանք երեքով հարվածներ են հասցրել իրեն: Ինքը պաշտպանում էր գլուխը, ուշագնաց է եղել ու կրկին ուշքի եկել, երբ իր վրա ջուր են լցրել: Տեսել է, որ Վահանի  ձեռքին որսորդական դանակ կա, զգացել է, որ իր ձախ ականջից արյուն է հոսում, շոշափել ու զգացել է, որ ականջը կտրված-կախված է: Հասկացել է, որ Վահանն է կտրել ականջը՝ ինչպես որ սպառնացել էր: Կատարվածի մասին ինքը չի հայտնել իրավապահներին, չի դիմել բուժօգնության, ականջը բուժել է տնային պայմաններում, և սպին մինչ օրս պահպանվել է:

Այդ դեպքից հետո ինքն ամաչում էր տանից դուրս գալ, իրեն թվում էր՝ մարդիկ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Նույնիսկ համալսարան չի գնացել, տարկետում է վերցրել, բայց բնակվել է Երևանում:

Այդ ընթացքում Վանաձորում ապրող ընկերոջից իմացել է, որ իրենց ընտանիքին պատկանող ճաշարանում պայթյուն  ու հրդեհ է եղել: Ինքը վերադարձել է Վանաձոր, բայց ծնողներն ասել են, թե անհանգստանալու կարիք չկա, դեպքը կապված էր էլեկտրականության հետ: Չնայած դրան՝ ինքը տարբեր խոսակցություններից իմացել է, որ հրդեհը կազմակերպված է եղել Վահանի ու Արտակի կողմից:

Համալսարանում ուսումն ավարտելով՝ ինքը  ստացել է լեյտենանտի կոչում,նշանակվել է ծառայության Լոռու մարզի կայազորի հրամանատարի տեղակալ-իրավաբանի պաշտոնում: Այդ ընթացքում ամուսնացել է:

1997 թվականի հունվարի վերջին տանը պատահաբար լսել է կնոջ ու մոր խոսակցությունը այն մասին, թե ինչ-որ մեկը զանգել ու խոսել է իր կնոջ հետ: Իր պնդումներից հետո կինն ասել է, թե փողոցում ինչ-որ տղա անհանգստացրել է նրան: Այդ տղան ասել է. ««Բա դու ափսոս չե՞ս, որ Կարենի հետ ես ամուսնացել, գիտե՞ս, որ ինքը մեր թուլեն ա, ո՞նց ես քնում իրա հետ»:

Ինքը վրդովվել, տանից դուրս է եկել, զայրույթից նույնիսկ արտասվել է, բայց չի կողմնորոշվել, թե ինչ անի: Կինն այդ ժամանակ հղի էր, ինքն աշխատանք ուներ: Իր մեջ ուժ է գտել՝ կատարվածի համար կռիվ չսարքելու, շարունակել է աշխատել, ընտանիքի անդորրը պահպանել:

1997 թվականի փետրվարի 14-ի առավոտյան գնացել է ծառայության վայր: Ընդմիջմանը տուն է եկել, ճաշել է, հետո իր «Նիվայով» ճանապարհ է ընկել դեպի ծառայության վայր: Ճանապարհին հանդիպել է  ընկերոջը՝  Հարությունին: Նա պատմել է, թե կողքի թաղամասի ջահելները փորձել են ռեկետ անել, ինքը վերցրել է նրանց մեքենան, նրանք փախել են: Հարությունն  ասել է, թե նրանց մեքենան կանգնեցրել է դպրոցի բակում, բանալիներն էլ վերցրել է, որ մեքենան չգողանան: Նա ասել է, թե դպրոցի բակում մարդիկ են հավաքվել՝ պարզաբանում կատարելու, խնդրել է, որ ինքը գնա հետը, այլապես մենակ կմնա: Ինքը նրան չի մերժել, բայց բացատրել է, որ մեքենան պետք է վերադարձնել տիրոջը:

Իր մեքենայով գնացել են այն վայրը, որտեղ մոտ քսան հոգի հավաքված էին: Նրանք պահանջել են, որ Հարությունը մեքենան վերադարձնի: Ինքն ասել է, որ անպայման կվերադարձնի: Այդ ժամանակ իրենց է մոտեցել մի «ՈՒԱԶ» մեքենա, որից իջել են Վահանն ու իրեն անծանոթ վարորդը: Վահանը բարևել է ներկաներին, տեղեկացել է, թե ինչ է պատահել: Ինքը ցանկացել է հեռանալ, Վահանը արհամարհանքով ասել է. «Արա՛, էլի դո՞ւ, քեզ չե՞նք ասել՝ քեզ խելոք պահի, թե չէ գիտես՝ ինչ կլինի»:

Ինքն ասել է, թե պրոբլեմն իր հետ չի կապված: Ցանկացել է նստել մեքենա, փորձել է հեռանալ, Վահանը գոռացել է. «Արա՛, էդ փախնում ե՞ս, հլա արի ստեղ»: Ինքը այնուամենայնիվ փորձել է հեռանալ, բայց Վահանը ձեռքով կանգնեցրել է իրեն, հայհոյել ու ասել է. «Ով իմ հետ հարց կունենա, նրա մոր արգանդը կճղեմ, ա՛յ թուլա…»:

Չհասկանալով, թե այդ պահին իր հետ ինչ է կատարվում, ինքը վերցրել է մեքենայի հետևի մասում գտնվող ինքնաձիգը, իջել է մեքենայից: Վահանի կողքին գտնվողը փախել է, իր դիմաց մնացել է Վահանը՝ մոտ երկու-երեք մետր հեռավորության վրա: Իր աչքերի դիմաց միայն Վահանն էր, ինքը միայն նրան էր տեսնում ու չի հասկացել, թե ինչպես է կրակել նրա վրա:

Կրակոցներից հետո Վահանն ընկել է գետնին, ինքը նստել է մեքենա ու վարել է այն՝ չհասկանալով, թե ուր է գնում: Քաղաքից դուրս է եկել, քնել է, արթնացել ու տեսել է, որ արդեն մութ է: Վատ է զգացել: Մեքենան թողել է ճանապարհի եզրին, հեռացել է:

Կարեն Ն.-ն պնդել է, թե սպանության նպատակ չի ունեցել, չի հասկացել, թե ինչ կատարվեց տվյալ պահին, չի տիրապետել իրեն,  ձեռքերն իրեն չեն ենթարկվել:

Զենքը, որով կրակել է Վահանին, երկու ամիս գտնվում էր իր մեքենայում, եթե ինքը Վահանին սպանելու միտք ունենար, կարող էր որևէ տեղ գաղտնի սպանել:

Դեպքի պահին Վահանի հնչեցրած լկտի հայհոյանքից հետո չի հասկացել, թե ինչպես է կրակել… Քանի որ ծառայության բերումով հաճախ էր սահման գնում, զենքը պահում էր մոտը՝ անվտանգության նկատառումով: Զենքն իրեն տվել էր իր ազատամարտիկ ընկերը, խնդրել էր պահել՝ մինչև Ռուսաստանից վերադառնա:

Դեպքի հաջորդ օրն ինքն իր անձնագրով օրինական կարգով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է արտերկիր:

Պատասխանելով հարցերին՝ ամբաստանյալը պնդել է, թե դեպքի պահին Վահանը հայհոյանքներ է տվել, ինքը կրակել է այնպես, որ բացի Վահանից՝ ոչ մեկին չվնասի՝ ինքը սկզբից մինչև վերջ գիտակցել է՝ ինչ է անում: Սահմանը հատել է ոտքով՝ խառը իրավիճակ էր այն ժամանակ, ինքը շուկայի տարածքով անցել է Վրաստանի տարածք: Մինչև 2017   թվականը ինքը Հայաստան չի վերադարձել: Հետախուզման մեջ գտնվելու ընթացքում ապրել է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, հանդես է եկել ոչ իր անուն-ազգանունով…

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ իր ամուսնուն սպանողը ենթարկվի խիստ պատժի:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Կարեն Ն.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, այլ գտնվել է խիստ լարված հոգեվիճակում, ինչն ազդել է նրա գիտակցության ու հոգեկան գործունեության վրա:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Ն.-ն ծանրացուցիչ հանգամանքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է դիտավորյալ սպանություն, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Ն.-ն վատառողջ է:

Նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարվել տուժողի վարքագծի հակաօրինականությունն ու հակաբարոյականությունը, որոնցով պայմանավորվել է տվյալ հանցավոր արարքի կատարումը: Դատարանը հաշվի է առել նաև, որ դեպքից 20 տարի անց Կարեն Ն.-ն ներկայացել է մեղայականով:

Նկատի առնելով, որ առանձնապես ծանր հանցագործության կատարումից հետո անցել է 20  տարուց ավելի ժամանակ, դատարանն արձանագրել է. «Հաշվի առնելով մեղսագրվող արարքի բնույթը և հանրային բարձր վտանգավորությունը, դատարանը հնարավոր չի համարում Կարեն Ն.-ի նկատմամբ կիրառել վաղեմության ժամկետ և նրան ազատել սպանության համար քրեական պատասխանատվությունից…»:

Նման պայմաններում, օրենքի պահանջի համաձայն, ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածով մեղավոր ճանաչվողը չի կարող դատապարտվել ցմահ ազատազրկման:

Կարեն Ն.-ն դատապարտվել էր 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2017 թվականի ապրիլի 6-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Հակոբյանը: Նա խնդրել էր ամբողջությամբ բեկանել ու փոփոխել դատավճիռը, Կարեն Ն.-ի արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական:

Ըստ պաշտպանի՝ Կարեն Ն.-ի կատարած արարքը պետք է որակվեր որպես «հասարակ»՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի  սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և Կարեն Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Պաշտպանը նաև խնդրել էր՝ եթե վերաքննիչ դատարանը նույնիսկ  չվերաորակի արարքը, ապա օրենքը թույլատրում է քրեական հետապնդումը  դադարեցնել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Իսկ եթե վերաքննիչ դատարանը համարի, որ արարքը չպետք է վերաորակվի ու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումն էլ չպետք է դադարեցվի, ապա պաշտպանը խնդրել էր Կարեն Ն.-ի նկատմամբ սահմանել նվազագույն պատիժ, կիրառել պայմանական դատապարտություն ու սահմանել փորձաշրջան: Իսկ եթե դատարանը դա էլ անհնարին համարի, ապա կարող է մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ:

Պաշտպանի հիմնական պնդումը, սակայն, հետևյալն էր՝ քրեական գործով ձեռք բերված ու դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատված է մեկ բան.  Կարեն Ն.-ի արարքը պետք է որակվեր որպես «հասարակ» սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Ա. Ազարյան, Ն. Հովակիմյան կազմով, հիմնավոր համարելով պաշտպանի բողոքը՝ բավարարեց այն: Դատարանն արձանագրեց՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել, որ Կարեն Ն.-ն դեպքի պահին կրակոցներ է արձակել ու սպանություն է կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Ըստ գործի նյութերի՝ կրակոցների պահին տուժողի կողքին ոչ ոք չի եղել՝ մինչև կրակելը Կարեն Ն.-ն պահանջել է, որ բոլորը հեռանան, զգուշացրել է, որ կրակելու է, և տուժողի կողքին գտնվողները փախել են: Կրակոցներն արձակվել են մոտ տարածությունից: Ինքը՝ Կարեն Ն.-ն, զինվորական ծառայության մեջ գտնվելով, ըստ վկայությունների, եղել է դիպուկ կրակող…

Կարեն Ն.-ն մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նա ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Կարեն Ն.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Կարեն Ն.-ն անազատության մեջ էր 2017 թվականի ապրիլի 6-ից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում