Աշխարհը դեռ նոր էր լսել Google-ի սոցիալական ցանցի գործարկման մասին, երբ մամուլում արդեն հայտնվեց մի տեղեկություն, համաձայն որի Microsoft ընկերությունը պատրաստվում է ստեղծել սեփական սոցիալական ցանցը՝ Tulalip անվան տակ:
Հուլիսի 13-ին Fusible կայքը պարզել էր, որ Microsoft-ը գնել է Socl.com հասցեն, ինչից կայքը եզրակացրել է, որ սա սոցիալական ցանց ստեղծելու առաջին քայլն է: Մեկ օր անց Socl.com կայքի առաջին էջում հայտնվեց մի նկար՝ Tulalip ապրանքանիշի գովազդով, որի տակ գրված էր, որ «Tulalip-ի հետ դուք կարող եք գտնել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, և կիսվել նրանով, ինչ գիտեք ավելի հեշտ, քան երբևէ»: Այս պահին անոնսը հանված է, և գրված է, որ դա Microsoft Research-ի ստորաբաժանումն է, որն ինտերնետում է հայտնվել սխալմամբ:
Սակայն արևմտյան մամուլը չի դադարում խոսել դրա մասին: Հիշել են նույնիսկ ընկերության ղեկավար Սթիվ Բալմերի խոսքերը, ով օրերս խոսել էր ընկերության զարգացման նոր ռազմավարության մասին, որը հիմնված կլինի սոցիալական և բջջային ծառայությունների վրա: Նրանք եզրակացրել են, որ Tulalip-ը գերազանց տեղավորվում է այս ռազմավարության մեջ: