Դարավերջին մարդկության սննդի պահանջարկը կարող է աճել գրեթե 80%-ով, հաշվարկեցին Գոտինգենի համալսարանի գերմանացի գիտնականները, հայտնում է BBC-ն:
Սրա մեջ քիչ դեր չի խաղում մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որը վերջին շրջանում կայուն աճում է, ինչի պատճառով մարդկանց ավելի շատ կալորիաներ են պետք:
Ուսումնասիրության հեղինակները նախազգուշացնում են, որ եթե կալորիաների պահանջը չբավարարվի, ապա դա կարող է աշխարհում ավելի շատ անհավասարության հանգեցնել: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Plos One ամսագրում:
Գիտնականների գնահատմամբ, կալորիաների պահանջարկի բարձրացման 60%-ը բխելու է աշխարհի բնակչության աճից:
Համաշխարհային բնակչության ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Երկրի վրա մարդկանց թիվը 2100 թվականին 7 միլիարդից կհասնի 11 միլիարդի: Եվ, 2010-ի համեմատ, կալորիականության սպառումը կավելանա 18 կամ ավելի տոկոսով` հասակի և քաշի ցուցանիշների կանխատեսված աճի պատճառով:
– Ըստ մեր գնահատականների, 2010-ից 2100 թվականների ընթացքում, հաշվի առնելով ՄԶԻ-ի և բնակչության աճը, միջին օրական էներգիայի պահանջը մեկ անձի համար ավելանում է 253 կկալ-ով,- BBC-ին տված հարցազրույցում ասաց հետազոտության հեղինակներից մեկը՝ Լուցզ Դեպենբուշը, բանջարաբուծության համաշխարհային կենտրոնից:- Ամբողջ աշխարհում սպառված կալորիաների այս բարձրացումը համեմատելի է Հնդկաստանի և Նիգերիայի 2010 թվականի ընդհանուր կարիքների հետ,- ավելացրեց նա»: