«2019 թվականն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես հաջողված տարի՝ ելնելով մի շարք հանգամանքներից, որոնցից կցանկանայի առանձնացնել առաջին հերթին իշխանությունների կողմից ձեռք բերված այն հաջողությունները, որոնք ավելի շատ կայունացրին և ամրապնդեցին մեր տնտեսությունը, ինչպես նաև մարդկանց հավատն ու պատկերացումները թե´ իշխանությունների, թե´ մեր երկրի նկատմամբ, ինչը ես շատ դրական եմ գնահատում և կարևոր քայլ եմ համարում, քանի որ ցանկացած երկրում՝ եթե կա վստահություն ապագայի նկատմամբ, ապա հաջողությունները ժամանակի ընթացքում կգան։
Սա, ըստ էության, հեղափոխությունից հետո արդեն երկրորդ տարին է, որի ընթացքում իշխանությունները քաղաքական դաշտը կայունացնելուց հետո՝ փորձում են նաև տնտեսական փոփոխություններ արձանագրել․ դրանցից մեկը կապված է բյուջեի ավելացման, բնակչության կենսամակարդակի որոշ չափով բարձրացման հետ, ինչպես նաև լուրջ հիմքեր ստեղծվեցին առաջիկա 2020 թվականի ընթացքում բնակչության եկամուտների ավելացման համար։ Խոսքը վերաբերում է թե´ կենսաթոշակների, թե´ աշխատավարձերի ավելացմանը, թե´ նաև ձեռներեցության խթանմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ ամփոփելով 2019 թվականը։
Այս համատեքստում վերջինս նաև հավելեց, որ կառավարությունը չպետք է բավարարի այսքանով և առաջիկա տարիների համար պետք է ավելի ու ավելի ինտենսիվ ձևով աշխատի՝ քաղաքացիների սպասելիքներն արդարացնելու համար։
«Առկա դրական ֆոնը հույսեր է ներշնչում, որ այո´, 2020թ-ը նույնպես կլինի հաջողված տարի և ամենակարևորը, որ բնակչության լավատեսական տրամադրությունները կկարողանանք պահպանել ու իրականացնել այն բոլոր ծրագրերն ու նախագծերը, որոնք արդեն իսկ առաջիկա ժամանակների համար պլանավորվել են»,-ասաց Մարկոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











































