ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում զորք մտցնել Ուկրաինա. նա երկրի արևելքի բնակիչներին ճակատագիրը Ռուսաստանի, ոչ թե Արևմուտքի հետ կապելու համար համոզելու այլ միջոց կգտնի: Ջիմի Քարթերը վստահ է, որ Ամերիկան չի կարող ոչինչ ձեռնարկել Ռուսաստանի նախագահին խանգարելու համար՝ գրում է The Washington Times-ը: Այս կապակցությամբ նախկին նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել խիստ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ:
«Մինչև հիմա մենք սահմանափակվում էինք Ռուսաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներով: Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է: Մենք չպետք է պատժամիջոցներ սահմանենք, որոնք կվնասեն ռուսներին»,- պարբերականը մեջբերում է նախկին նախագահի խոսքերը:
Քարթերը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն «անխուսափելի էր», և Արևմուտքը չէր կարող ոչինչ ձեռնարկել՝ «այդ իրադարձությունը կանխելու համար»: «Մոսկվան միշտ Ղրիմը համարել է Ռուսաստանի մաս: Կարծում եմ՝ Պուտինը ռազմական ուժ չի գործադրի Ուկրաինայի արևելքում: Նա այլ միջոցներ կօգտագործի՝ այնտեղ ապրողներին համոզելու համար, որ նրանց համար լավագույն ընտրությունն իրենց ճակատագիրը Ռուսաստանի հետ կապելն է, ոչ թե Արևմուտքի: Ուստի ես կարծում եմ, որ մենք ոչինչ չենք կարող ձեռնարկել Պուտինին խանգարելու համար»,- ասել է Քարթերը:








































