Դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օման ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։ «Այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգությունը»,-ասել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ղոլյամռեզա Թահանին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ վարժանքները կանցկացվեն 17 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Զորավարժությունները կրում են «Ծովային անվտանգության գոտի» անվանումը: Դրանց նպատակը, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, համատեղ գործողությունների փորձարկումն է ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության գործում: Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին նշել է, որ զորավարժությունները կտևեն չորս օր (դեկտեմբերի 27-30-ը): Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վերջերս Մոսկվա այցի ընթացքում ընդգծում էր, որ զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ: Պենտագոնում ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ ԱՄՆ-ը հետևելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններին:









































