Ստամբուլի Թաքսիմ հրապարակը հանրահավաքների անցկացման վայր չէ՝ ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆգան Ալան: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ հրապարակում մայիսմեկյան երթ չի լինի:
«Թաքսիմ հրապարակը չի համապատասխանում որևէ երթի անցկացմանը, այդ իսկ պատճառով մայիսմեկյան երթը պետք է անցկացվի ոչ թե այստեղ, այլ ուրիշ տեղ»,- նշել է նախարարը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքացիների անվտանգությունը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել էր, որ Թաքսիմը մայիսմեկյան երթի անցկացման վայր չէ:
«Թաքսիմ հրապարակում երթի անցկացման մասին պետք է մոռանալ»,- ընդգծել էր նա:
Վարչապետը նաև նշել է, որ երկրի կառավարությունը չի ցանկանում, որ մայիսմեկյան երթի ժամանակ իրավիճակը երկրում շիկանա:
Ավելի վաղ առաջատար ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ իր կողմնակիցները մայիսի 1-ին կհավաքվեն հրապարակում՝ չնայած պաշտոնական արգելքին:










































