Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները դեկտեմբերի 26-ին փակել էին Երևանի Տիգրան Մեծի պողոտան, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ինչպես տեղեկացնում էն, մահացած զինծառայողի հարազատները պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է մահացել Արթուր Աջամյանը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:
Հարազատները կարծում են, որ փորձ է արվում կոծկել գործը, քանի որ որոշ լրատվամիջոցներում տարածվում է ինքնասպանության վարկածը:
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայողը վնասվածք է ունեցել ճակատային մասում, և գնդակը դուրս է եկել ծոծրակից՝ այսինքն` վերևից ներքև ուղղությամբ: «Այսինքն՝ տրամաբանությունից զուրկ է, որ ինքն իրեն կարող էր հարվածել: Նրան գտել են վիրավոր զինծառայողից 740 մետր հեռավորության վրա՝ փոսի մեջ»,- ասաց նա:
Վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը մոտեցավ զոհված զինծառայողի հարազատներին և ասաց, որ կարող են բարձրանալ իր աշխատասենյակ, զրուցել, հետո ինքը նրանց պահանջը կներկայացնի ՀՀ վարչապետին, օր ու ժամ կնշանակվի, և նրանք կհանդիպեն:
Հարազատները ասացին, որ իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ: Նաիրի Սարգսյանն էլ գնաց վարչապետին հաղորդելու նրանց պահանջը:
Վարչապետի հետ հանդիպելուց հետո Նաիրի Սարգսյանը փոխանցեց հարազատներին, որ ՀՀ վարչապետի հետ կարող են հանդիպել մահացած զինծառայողի մայրը, հորեղբայրը և պապիկը: Այս պահին ընթանում է մահացած զինծառայողի հարազատների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր:












































