«Տնտեսական առումով 2019-ը գնահատում եմ լավ, չեմ ասի՝ գերազանց, բայց լավ տարի էր: Տարին փակում ենք կանխատեսված ցուցանիշներից շատ ավելի լավ ցուցանիշներով: Որոշակի խնդիրներ ունեցել ենք բյուջեի ծախսերի առումով, մասնավորապես՝ թերակատարվել են կապիտալ ծախսերը, բայց դա ուներ օբյեկտիվ պատճառներ. հաջորդ տարի արդեն ամբողջական ծավալով ու մի բան էլ ավելի այդ ծախսերը կկատարվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ամփոփելով 2019 թվականը տնտեսական ձեռքբերումների և նաև՝ բացթողումների համատեքստում:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի տնտեսական 4,9 տոկոս աճը նվազագույն նշաձողն է. «Պետք է ձգտել, որ տնտեսական աճը ոչ միայն դրանից բարձր լինի, այլև լինի այդ աճի դիվերսիֆիկացիա՝ ըստ ոլորտների. ոչ թե հիմնված լինի 1-2 ճյուղերի վրա, այլ ինչքան հնարավոր է՝ աճ գրանցենք մեզ համար ցանկալի ճյուղերում. դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն և այլն»:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը միշտ խուսափել է նրա հայտարարությունները մեկնաբանելուց, քանզի չի ցանկանում, որ պարոն Բագրատյանը իր խոսքում վիրավորանք նկատի. «Բայց իմ կողմից շատ հարգված պարոն Բագրատյանը կանխատեսել էր, որ 2019 թվականին մենք ռեցեսիայի մեջ կհայտնվենք: Բացի այդ, պարոն Բագրատյանը մի կողմից՝ հավատում է վիճակագրության այն ցուցանիշներին, որոնք անկումային են, մյուս կողմից՝ ասում է, թե թվանկարչությամբ են զբաղվել: Հիմա պետք է հասկանալ՝ հավատո՞ւմ ենք Վիճակագրական կոմիտեին, թե՞ ոչ»:
Բաբկեն Թունյանը հակված է հավատալու, որ Վիճակագրական կոմիտեն թվերը կեղծելու, մանիպուլացնելու, թվանկարչությամբ զբաղվելու որևէ պատճառ, մոտիվացիա չունի. «Մենք երբեք ինքնախաբեության մեջ չենք հայտնվի, որովհետև իրականությունը մեզ համար շատ ավելի կարևոր է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































