2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները դժգոհ են, նրանք առ այսօր չեն կարողանում վերականգնել իրենց տուժողի կարգավիճակը:
2008 թվականի իրադարձությունների ժամանակ աչքի վնասվածք ստացած Կարեն Թարխանյանը, ով այդ իրադարձություններից հետո դատապարտվեց 4 տարվա անազատության այդ շրջանում շաբլոն դարձած՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, վերջերս Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է, հավաքել ու ներկայացրել է աչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, բայց, նրա խոսքով, իր կարգավիճակի հարցը ձգձգվում է, որ կարողանա ընդգրկվել Մարտի 1-ի տուժողների ցանկում և օգտվել կառավարության նախատեսած փոխհատուցումից:
«Ես Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել եմ, բայց դրանից հետո ոչ մի բան չի եղել, պրոցեսը ձգձգվում է: Հիմա պետք է դատաբժշկի ուղարկեն, բայց դեռ չեն ուղարկում: Ես բոլոր բժշկական թղթերը ունեմ, բայց իրենք ասացին, որ պետք է հարցում անեն Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, քրեակատարողական հիմնարկ, որ ինձ տարել-բերել են բժշկի աչքիս համար, բայց էլի ոչ մի բան չի արվում: Ինձ ընդամենը մի թղթի կտոր են տվել, բայց ես չեմ հասկանում, թե ինչ կարող եմ անել դրանով: Մարտի 1-ի տուժողներին փոխհատուցում տրվում է ըստ վնասվածքի աստիճանի, բայց մինչև հիմա ինձ դատաբժշկի ուղեգիր չեն տալիս, որ ես գնամ ու իմ վնասվածքի աստիճանը որոշվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թարխանյանը՝ հավելելով, որ ինքը հարցաքննության ժամանակ ՀՔԾ-ին տրամադրել է դեռևս 2008-ի իր բժշկական թղթերը, որոնցում ասվում է, որ աչքի այդ վնասվածքը կարող էր առաջանալ միայն հարվածի հետևանքով:
Կարեն Թարխանյանն ասաց, որ տուժողի կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորելուց հետո պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի իր գործը վերանայվի, և ինքը նույնպես արդարացվի, քանի որ գործն ամբողջությամբ շինծու է եղել. «Իմ գործը ծայրից ծայր սարքած է եղել: Ինձ ուրիշ մարդ է բռնել, բայց ուրիշն է եկել ու ցուցմունք տվել, որի հետևանքով ինձ կազմակերպչի հոդվածով դատապարտեցին: Ինձ դատապարտել են մի քանի ոստիկանի ցուցմունքի վիման վրա, էն դեպքում, երբ նրանք անգամ այդտեղ չեն եղել: Ու էդ սուտ ցուցմունք տվող ոստիկանները առ այսօր համակարգում են: Կոնկրետ իմ դեմ սուտ ցուցմունք տված ոստիկանն այսօր Քոչարյանի դատի ժամանակ դատարանի դիմաց կարգուկանոն է պահում: Ես դա ՀՔԾ-ում էլ եմ ասել, ասել եմ, որ սուտ ցուցմունք տված մարդը չպետք է համակարգում աշխատի, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում: Բայց ինչ էլ լինի, ես պետք է արդարացվեմ: Անմեղ տեղը դատեցին, բայց էդ պատժաչափը իմ վրա չպետք է լինի, ինչպես նաև մյուսները: Ես տեսնում եմ, որ մարդիկ արդեն արդարացվում են հերթով, ու այդպես էլ պետք է լինի, քանի որ Մարտի 1-ի գործով դատվածների բոլորի գործերը սարքած, կարած են եղել, սաղի մեղադրանքները՝ նույն հոդվածով: Այս ամենը այսպես չպետք է մնա»,- ասաց Թարխանյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին իր օրինակով շատերն են փորձում վերականգնել իրենց կարգավիճակը: Մարտի 1-ին տուժած Անդրանիկ Հարությունյանը, օրինակ, դիմել է, ստացել է տուժողի կարգավիճակ, բայց կրկին նրա աչքի վնասվածքը համարվել է միջին ծանրության, որի հետ վերջինս համաձայն չէ: «Եթե աչքը հարվածի հետևանքով կուրացել է, ապա դա ինչպե՞ս կարող է համարվել միջին ծանրության: Սայլակի վրա գամված Ռաջա Պետրոսյանին էլ տուժող չեն ճանաչել: Էլի մարդիկ կան, որ այսօր պայքարում են, և արդարությունը պետք է վերականգնվի: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած բոլոր քաղաքացիները պետք է դիմեն, ստանան կարգավիճակ, գնահատվի նրանց վնասվածքների ծանրության աստիճանը, և նրանք պետք է, ըստ այդմ, փոխհատուցում ստանան»,- եզրափակեց Կարեն Թարխանյանը:
2008-ի մարտի 1-ից հետո ակտիվորեն քաղբանտարկյալների խնդիրներով զբաղված իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ իսկապես մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժել են, բայց բժշկական հաստատություններ չեն դիմել, չունեն կարգավիճակ, չի գնահատվել նրանց ստացած վնասվածքի աստիճանը: «Մարդիկ չէին դիմում հիվանդանոցներ, քանի որ այդ տուժածներին պարզապես առևանգնում էին, ձերբակալում էին հենց հիվանդանոցներից ու կալանավորում: Իսկ նրանք, ովքեր դիմում էին, բժիշկները ավելի մեղմ վնասվածքներ էին նկարագրում թղթերում, քան իրականում եղել են այդ վնասվածքները: Այդ բոլորի հետ կապված՝ ՀՔԾ-ն պետք է մշակի առանձին մոտեցումներ, և ուշացումներ չպետք է լինեն: Իսկ եթե տուժողներին թվում է, որ ՀՔԾ-ն ձգձգում է պրոցեսը արհեստականորեն կամ ոչ արհեստականորեն, ապա նրանք պետք է դիմեն փաստաբանների և նրանց օգնությամբ հստակ քայլեր կատարեն»,- ասաց Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ամեն դեպքում պրոցեսը դժվար է, հեշտ գործ չէ, քանի որ դեպքերից 10 տարի է անցել, և դժվար է վնասվածքը բժշկական տեսանկյունից ճշգրտորեն գնահատել, բայց պետք է փորձել. «Բժիշկները ևս կարող են օգնել պրոցեսին: Այն բժիշկները, ովքեր 2008-ին ներգրավված են եղել այդ պրոցեսներում, կարող են բացատրություններ տալ, ասել, թե ինչու են մեղմ եզրակացություններ տվել: Դա հնարավոր է, քանի որ հիմա չկան այն վտանգները, որոնք սպառնում էին ոչ միայն տուժողներին, այլև բժիշկներին: Ամեն դեպքում գործընթացը ժամանակատար է, և պատկերացնել, թե կարելի է գնալ ՀՔԾ ու նույն պահին ստանալ կարգավիճակ, բոլոր փաստաթղթերը, այդպես չէ»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը:







































