Forbes հանդեսը կազմել է տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը, որը գլխավորել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը՝ տեղեկացնում է TASS-ը:
Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ Մեյուեզերը տասը տարվա ընթացքում վաստակել է 915 մլն դոլար: Ընդ որում՝ 2015 թվականին ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի և իռլանդացի Քոննոր Մաքգրեգորի (2017 թ.) դեմ երկու մարտերի համար նա վաստակել է ավելի քան 500 մլն դոլար:
Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել է իտալական «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տասը տարվա ընթացքում վաստակել է 800 մլն դոլար: Երրորդը դարձել է իսպանական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 750 մլն դոլար:
Վերջին տասնամյակում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակում տեղ են գտել նաև բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (680 մլն դոլար), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (640 մլն դոլար), գոլֆիստներ Թայգեր Վուդսը (615 մլն դոլար) և Ֆիլ Միքելսոնը (480 մլն դոլար), բռնցքամարտիկ Պակյաոն (435 մլն դոլար), բասկետբոլիստ Քևին Դյուրանտը (425 մլն դոլար), ինչպես նաև մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը (400 մլն դոլար):







































