Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, ֆուտբոլի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինե Թաշչյանը, ՀՖՖ նախագահի ընտրությունը համարում է խայտառակություն: «Այս ընտրությունները խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություններ: Ամեն ինչ նախապես պայմանավորված էր: Ես արդեն 40 տարի է, ինչ ֆուտբոլում եմ և այսպիսի խայտառակություն դեռ չէի տեսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաշչյանը:
Վերջինս ասաց, որ ՀՖՖ նորընտիր նախագահը նախապես հանդիպել և պայմանավորվել էր բոլոր ակումբների հետ: «Իմ թեկնածությունը գործկոմի ընտրություններում առաջադրել էր «Նորացված Փյունիկ» ՀԿ-ն, և նրանք ամեն ինչ անեցին, որ այն կասեցնի գործունեությունը: Երևի ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ: Ես ֆեդերացիայում չեմ աշխատում արդեն մեկ տարի է»,-ասաց նա:
Թաշչյանի կարծիքով, որ այս դեպքում հայկական ֆուտբոլը չի զարգանա: Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ գործկոմի հրաժարականից հետո ինքը հրաժարական չի տվել, և ըստ օրենքի նա պետք է մնար իր տեղում` Գործադիր կոմիտեի կազմում:
ՀՖՖ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներով նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր: