«WizzAir» բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից թռիչքներ կիրականացնի Հայաստանից։ Ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սկզբնական փուլում թռիչքներ կատարելու են երկու ուղղությամբ՝ Վիեննա և Վիլնյուս, հետագայում ուղղությունները գուցե ավելանան։ Ուղևորներն ընկերության ավիատոմսերը կարող են ձեռք բերել միայն առցանց՝ սկսած 25 եվրոյից։ Անդրաս Ռադոյի տեղեկացմամբ՝ ընկերությունը ներկայում ունի 120 օդանավ և սպասարկում է աշխարհի 153 օդանավակայան՝ ներառյալ նաև Հայաստանը։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում բյուջետային ավիաընկերությունների մուտք գործելը հայկական ավիացիոն շուկա՝ նշելով, որ որոշակի խավի ուղևորների համար դրանք հարմար տարբերակ են՝ մատչելի գնով ավիատոմս ձեռք բերելու համար, բայց միևնույն ժամանակ Պետրոսյանը մի քանի խնդիր է մատնանշում․
«Ամբողջ Եվրոպայում այդ լոուքոսթերների տենդենցը կա, բայց եվրոպական երկրներում մեկ կամ մեկուկես ժամանոց թռիչքներ են դրանք և այս տեսանկյունից լոուքոսթերները շատ հարմար ու էժան են, մինչդեռ Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքները չորս ժամից ավելի են տևում և անհարմար օդանավերով թռչելն այդքան էլ լավ չէ։ Բացի սրանից, լոուքոսթերների գալով՝ վտանգ կա, որ այն հիմնական մեծ ընկերությունները, օրինակ՝ «AirFrance»-ը, «AustrianAirlines»-ը և մյուսները կարող են հրաժարվել թռիչքներից այդ լոուքոսթերների լինելու պարագայում։
Ինչ վերաբերում է լոուքոսթերների առաջարկած էժան ավիատոմսերին, ապա դրանք լոտոյի պես մի բան են, որովհետև սկզբում մի քանի հատ էժան տոմսեր են վաճառում՝ ով հասցրեց առնում է, իսկ հետո, երբ այդ մի քանի հատը վերջանում է՝ սկսում են շատ ավելի թանկ տոմսեր վաճառել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շահեն Պետրոսյանն ու այս համատեքստում հավելեց նաև․
«Օրինակ ԱՄՆ լոուքոսթերով չես կարող թռչել, որովհետև նրանք connection չեն անում, այսինքն՝ օրինակ «AirFrance»-ով Երևանից Փարիզ կարող ես թռչել, այնտեղից էլ կարող ես շարունակել դեպի Միացյալ Նահանգներ կամ այլ երկիր թռչել, բայց լոուքոսթերները նման ծառայություն չեն տրամադրում, նրանք չունեն այդ հնարավորությունը և վայրէջք են կատարում երկրորդական, երրորդական օդանավակայաններում, որտեղից այլ տեղ գնալը հնարավոր չի լինում, հիմնական ընկերությունները այդտեղից թռիչքներ չեն իրականացնում»։
Մեր զրուցակիցը նաև տարօրինակ է համարում, թե ինչու է «WizzAir»-ը առաջնահերթ հենց Վիեննա և Վիլնյուս ուղղություններով որոշել թռիչքներ իրականացնել՝ այն պարագայում, երբ օրինակ Վիեննայի ուղղությամբ արդեն իսկ թռիչքներ կատարվում են։
«Ինձ համար սա անհասկանալի է, որովհետև «AustrianAirlines»-ն այսպես թե այնպես Հայաստանից դեպի Վիեննա թռիչքներ իրականացնում է, կամ երկրորդ ուղղությունն ինչու հենց Վիլնյուս, այդ ինչքա՞ն մարդ պետք է Վիլնյուս թռչի, որ նրանք կարողանան այսպես ասած՝ դրա տակից դուրս գալ ․ չգիտեմ, գուցե նրանք հաշվարկել են այս ամենը, բայց ինձ համար սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն տրվել»,-ասաց Շահեն Պետրոսյանը։
Վերջինիս խոսքերով՝ շատ լավ կլիներ, եթե բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ իրականացնեին ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ Գյումրու օդանավակայանից, որպեսզի գոնե այդկերպ մի փոքր աշխուժություն հաղորդվեր նաև Գյումրու օդանավակայանին։
«Միշտ ասել եմ ու հիմա էլ վերահաստատում եմ, որ լոուքոսթերների տեղը Գյումրին է՝ մեր երկրորդ օդանավակայանը․ թե´ «RyanAir»-ը, թե´ «Wizzair»-ը, թե´ այլ լոուքոսթեր, որը հետագայում կգա Հայաստան, պետք է Գյումրիից թռչի․ նորմալ վերանորոգված օդանավակայան ունենք այնտեղ ու կարծում եմ պիտի խնդիր չլինի, օրինակ «Պոբեդա»-ն թռնում է չէ՞ Գյումրիից, հիմա ի՞նչ տարբերություն, ուրեմն իրենք ինչո՞ւ չպետք է թռնեն»։
Անդրադառնալով նաև հայկական ավիափոխադրող ունենալու հարցին, Շահեն Պետրոսյանը նշեց․
«Ամենավտանգավոր խնդիրներից մեկն էլ այն է, երբ Տաթևիկ Ռևազյանը հայտարարում է, թե իրենք հայկական ավիաընկերություն են ստեղծելու, ապա չի հասկանում, թե այս լոուքոսթերների առկայության պարագայում՝ հայկական ավիաընկերություն այդ ինչպե՞ս են ստեղծելու, ինչպե՞ս է այդ ավիաընկերությունը մրցակցելու սրանց հետ, այսպիսի գներով հայկականը ուղղակի չի կարողանա մրցակցել շուկայում, իսկ եթե ստեղծվի էլ, ապա առավելագույնը կկարողանա մրցակցել «Աէրոֆլոտ»-ի հետ ու մաքսիմում միջինասիական երկրներ թռնել։
Բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ պատասխան չունեն, սպասենք և առաջիկայում կտեսնենք արդյունքները, ժամանակն ամեն ինչ ցույց կտա»։











































