ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից և Չիլիից մի խումբ հնեաբաններ և հողագետներ պարզել են, որ հին պոլինեզացիները Զատկի կղզում մոաի-արձաններ են տեղադրել, քանի որ հավատացել են, որ արձաններն օգնում են պահպանել հողի բերքատվությունը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Phys.org կայքում։
Հետազոտության ընթացքում գիտնականները երկու արձան են ուսումնասիրել, որոնք տեղադրված են Ռանո Ռառակու հրաբխի մոտ՝ կղզու արևելյան հատվածում։ Հետազոտության հեղինակ Ջոաննա Վան Թիլբուրգի խոսքերով՝ հետազոտողները արձանների տեղադրման նպատակի գիտական ապացույցն են գտել․ դա կղզու հողերի բերքատվության բարձրացումն է եղել։
Ռանո Ռառակուի մոտ գտնվող հողի քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ այն հարուստ է բերքատվության համար այդքան կարևոր ֆոսֆորով և կալցիումով։ Դա իր հերթին թույլ է տվել եզրակացնել, որ հրաբխի ստորոտը տեղաբնակների համար ոչ միայն քարի, այլև գյուղատնտեսության համար անհրաժեշտ բերքատու հողերի աղբյուր է եղել։ Գիտնականները նաև պարզել են, որ ժամանակին այս շրջանում իրոք մի շարք բույսեր են մշակվել։











































