Բրիտանական թանգարանում այս ուրբաթ կցուցադրեն Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանի կավե բաժակներ, որոնք, հնագիտական հետազոտությունների համաձայն, աշխարհում առաջին մեկանգամյա օգտագործման սպասքի նմուշներ են, հաղորդում է The Guardian-ը:
Երեքուկես հազար տարի առաջ պատրաստված հնագույն առարկաները հայտնաբերվել են հունական Կրետե կղզում Կնոսոսի պալատի պեղումների ժամանակ:
«Մարդիկ շատ կզարմանան՝ իմանալով, որ մեկանգամյա օգտագործման բաժակները հայտնվել են դեռ հնագույն ժամանակներում: Մինոսցիները սիրում էին բազմամարդ երեկույթներ և տոնակատարություններ կազմակերպել, և, ինչպես մեր ժամանակներում, նույնպես չէին ցանկանում լվանալ սպասքը»,- պատմել է ցուցահանդեսի համակարգող Ջուլիա Ֆարլին:
Կազմակերպիչները հույս ունեն, որ ցուցահանդեսը այցելուներին կստիպի մտածել աղբի մակարդակը նվազեցնելու մասին:
«Այսօր աշխարհում տարեկան ավելի քան 300 միլիարդ թղթե բաժակներ է արտադրվում: Մինոսյան քաղաքակրթությունն աննշան է ներկայիս գլոբալ սպառողական տնտեսության համեմատ»,- շեշտել է Ֆարլին:











































