Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերի զարգացումն ու իրանական երկաթուղին Ադրբեջանի միջոցով վրացականին միացնելը բխում են ողջ տարածաշրջանի շահերից: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրում Վաստանի նոր դեսպան Իոսիֆ Չակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Ռուհանին նշել է, որ Իրանը վճռականորեն տրամադրված է իր երկաթուղին Ադրբեջանի միջոցով վրացականին միացնել: Նրա խոսքով՝ Իրանի համար հատկապես կարևոր է ելքը դեպի Սև ծով վրացական Բաթում նավահանգստի միջոցով:
Իրանը շահագրգռված է հարևանների, հատկապես Վրաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ասել է Ռուհանին:
Հանդիպմանը քննարկվել է նաև մասնավոր ոլորտում համագործակցության ընդլայնման համար արտոնությունների կիրառման անհրաժեշտությունը:










































