ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանի հանրության շրջանում իրականացված սոցհարցման տվյալներ, այդ թվում պետական կառավարման կառույցների հանրային վարկի, նրանց աշխատանքի վերաբերյալ: ԱՄՆ ՄՀԻ-ի հրապարակած ուշագրավ տվյալների համաձայն՝ հարցված քաղաքացիների 76 տոկոսը դրական է գնահատել ՀՀ կառավարության աշխատանքը, 63 տոկոսը՝ ԱԺ-ի աշխատանքը, քաղաքական քարտեզը, մեծ հաշվով, չի փոխվել: Հետաքրքիր է, որ հարցվածների մոտ 59 տոկոսը վստահեցրել է, որ երբեք չի քվեարկի ՀՀԿ-ի օգտին: Հրապարակվել են նաև այլ տվյալներ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության Գերագույն մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Հարցումներն արձանագրում են ոչ միայն այն, ինչ կա, այլ նաև ցույց են տալիս, թե հետագայում ինչպիսի արդյունքներ կարող են լինել, այսինքն՝ հարցումները նաև ուղերձ են այն մասին, թե ինչ է սպասվում,- նկատեց Ազատ Արշակյանը:- Կարծում եմ՝ արդեն մի քանի ձևով ՀՀԿ-ին ասել են՝ հեռացե՛ք: Սա նաև ուղերձ է ՀՀԿ-ին՝ վերանայե՛ք ինքներդ ձեզ, նույնիսկ ինքնալուծարման գնացեք… Գոնե գարնանը ՀՀԿ-ն պետք է ինքնալուծարման ակցիա իրականացնի»:
ՀՀԿ-ն հակառակ դիրքորոշումն ունի և վերջերս հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Հավանաբար տակն ինչ-որ բան կա՝ կապված աշխարհաքաղաքական տիրույթում ձևավորվող իրավիճակի հետ: ՀՀԿ-ականները, ի դեմս Ս. Սարգսյանի, արցախյան կարգավորման հարցը, իմ կարծիքով, հասցրել էին որոշակի դրության, և շրջանակային համաձայնագիրը, որը երկար տարիներ քննարկվել էր Սարգսյանի և Ալիևի կողմից, 2018թ. հավանաբար բերվել էր նախաստորագրության վիճակի, և հետագա իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, աշխարհաքաղաքական ինչ-որ սխեմա տապալեցին… Հավանաբար 2018թ. դիտարկվում էր որպես արցախյան խնդրի կարգավորման ինչ-որ փուլի ավարտ, սակայն հայաստանյան իրադարձությունները փոխեցին այդ սցենարը: 2019թ. ընթացքում հարցը դեռ առկախված է»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը օրերս հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը բխում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահից, քանի որ կօգնի նրան դիմագրավել Արցախյան հարցում բարդ բանակցությունները: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գարեգին Միսկարյանը նշեց, որ այդ հայտարարությունը լուրջ վտանգներ և ակնկալիքներ չի պարունակում. «Աշոտյանը փորձում է ցույց տալ Նիկոլի իշխանության թույլ կողմը, որը, ըստ ՀՀԿ-ականների, արտաքին քաղաքականությունն է: Քանի որ բանակցությունների գործընթացը ժողովրդի համար ամենամութ տեղն է, ապա ՀՀԿ-ականները փորձում են մութ սենյակում իրենց ուզած կատուն բռնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































