Չնայած այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ նոր կազմի առթիվ ասուլիս հրավիրած ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ներկայացրին Աղվերանում շուրջ 3 օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը, ըստ որի՝ Դաշնակցությունը Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել և պաշտպանել է կոալիցիա չմտնելու մասին որոշումը, ՀՅԴ ներկայացուցիչները «Առաջին լրատվական»-ի հարցին, թե, ի վերջո, ինչի՞ շուրջ չեն համաձայնել Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների ժամանակ՝ հայտարարեցին, որ կոալիցիայի հարցը փակ չէ, քանի որ Սերժ Սարգսյանը խոստացել է մանրամասն ուսումնասիրել իրենց առաջարկած 7 կետերը, և եթե այդ կետերն ընդգրկվեն կառավարության ծրագրում, ապա ապագայում իրենք կվերանայեն կոալիցիա չմտնելու որոշումը:
Իսկ կոալիցիա չմտնելու ՀՅԴ ներկա որոշումը, ըստ Արմեն Ռուստամյանի, պայմանավորված է նրանով, որ իրենք այս պահին երաշխիք չունեն, որ իրենց առաջարկած 7 կետերը կիրագործի իշխանությունը:
Ի դեպ՝ դաշնակցականները դժգոհեցին, որ իրենց առաջարկած 7 կետերը չեն ընդունում նաեւ «հրաշալի քառյակի» որոշ ուժեր: Հրաժարվելով տալ նրանց անունները՝ Ռուստամյանն ասաց, որ այդ առթիվ հետագա համագործակցությունը խիստ մշուշոտ է, թեև շարունակվելու է:
Լուսանկարը` PAN Photo-ի









































