Save Kessab արշավով վտանգեցինք հայերի գոյությունը Սիրիայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չետերյանը` խոսելով Քեսաբի հայաթափման շուրջ:
Նա նշեց, որ Քեսաբի հայաթափումը կապում է ոչ թե Ղրիմի բռնակցման, այլ թուրքական գործոնի հետ: Նրա խոսքով` թուրքական գործոնն ուժեղ է Սիրիայի ընդդիմության հարցում, քանի որ նրանք հիմնականում տեղակայված են Ստամբուլում և հարավային շրջաններում, զինյալ ուժերի կարևոր մասի բազաները Թուրքիայում են, վիրավորները բուժվում են Թուրքիայում, Քեսաբում ևս Թուրքիայի գործոնը կար:
Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, որ Քեսաբի հարձակումը կարող էր տեղի ունենալ դեռևս երեք տարի առաջ, երբ զինյալները վերցրել էին Քեսաբի արևելյան լեռները: «Իմ համոզմամբ՝ Թուրքիան չէր ցանկանում, որ Քեսաբում հարձակում լիներ, հայերի, ասորիների խնդիրներ ունենար: Մարտին փոխվեց իրավիճակը, սիրիական բանակը վերցրեց տարբեր ռազմավարական կետեր Լիբանանի սահմանի վրա, կարողացավ ճնշել ապստամբներին, շատ կարևոր դիրքեր գրավեց, և այս հաջողությունների փոխարեն պետք էր, որ ապստամբները քայլ անեին: Թուրքիայի ներքաղաքական կյանքում ևս կար սուր պայքար. Քեսաբի հարձակումը ընտրություններից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ, այսինքն` Էրդողանի համար Սիրիայի պայքարը արտաքին քաղաքականություն չէ, այլ ներքին է նաև: Այսինքն` ավելի լայն կոնտեքստ է»,- ասաց նա:
Վիգեն Չետերյանը, անդրադառնալով Save Kessab արշավին, ասաց, որ այն շատ անգրագետ էր, շատ մեծ սխալներով լի: Ըստ նրա` դա ծավալած մարդիկ չէին հասկանում, որ Սիրիայի ներքին պայքարի վրա ազդեցություն են գործում: «Սիրիական հակամարտության ընթացքում հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը չեզոքությունն էր, կողմ չէինք պայքարի, սակայն սա խաթարվեց: Սիրիայում պատահածը երկար պատերազմ է, և դա անցնելու է տարբեր փուլեր, եթե ընդդիմությունը հայերին պրոռեժիմ է ընդունում, մենք վտանգում ենք հայության գոյությունն այդ թաղամասերում: Սա շատ դաժան պայքար է, պետք է դաժանության վրա սխալներ չավելացնենք, որ հայ համայնքի համար կործանիչ չրդառնա»,- ասաց Չետերյանը:







































