Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարությունները ստորագրել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող այժմեական հարցերի խորհրդակցության պլանը։ 2011-2012 թվականների պլանը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները։
Մինչ փաստաթղթի ստորագրումը Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Կոնստանտին Գրիշչենկոն դռնփակ հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ու խորացման հարցերը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսին Վաշաձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են քաղաքական, տնտեսական ու տրանսպորտային ոլորտներին և տարածաշրջանային իրավիճակին։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Գրիշչենկոն արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում է Վրաստանում։ Երեկ էլ նրան ընդունել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Գրիշչենկոն Վրաստան է ժամանել Թուրքիայից։